2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո այսօրվա իշխանությունն ինչ անուն ասես չդրեց բանակին,
նրա ունեցած սպառազինությանը, զինվորականներին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այն տեխնիկան ու սպառազինությունը,
որով 2020 թվականին ու դրանից հետո մարտեր էին վարվում, անունը դրեցին «մետաղի ջարդոն»`
փորձելով արդարացնել սեփական տապալումն ու թշնամուն մեծաքանակ զինտեխնիկայի հանձնումը:
Սերժ Սարգսյանը որպես
կանոն իր` պաշտպանության նախարար կամ նախագահ եղած ժամանակահատվածներում արձանագրված
ռազմական հաջողությունների ու մատակարարումների մասին շատ քիչ է խոսել ու խոսում, ինչից
օգտվելով՝ այսօրվա որոշ իշխանական գործիչներ, փամփուշտն ու արկն իրարից չտարբերելով,
խոսում են նախկինում եղած խնդիրներից ու այսօրվա «աննախադեպ» հաջողություններից:
Փաստ է, որ մինչև
2018 թվականը, ինչ ու որտեղից փորձել ենք զենք-զինամթերք գնել` գրեթե ամբողջությամբ
այդ գործարքները կայացել են, ըստ այդմ` մատակարարումներն արվել են, դեռ չեմ խոսում
անվճար ռազմատեխնիկական ծրագրերի մասին:
Ու մի բան էլ` պարտության
խորհրդանիշ և թշնամուն զենք հանձնող փաշինյանական իշխանությունը քաղաքական ու բարոյական
իրավունք չունի խոսել նույն թշնամուց զենք խլած ու հաղթանակ տարած գործիչների ու մարտիկների
մասին:
Ռազմական բյուջեի որոշ
նրբերանգների մասին Սերժ Սարգսյանի այսօրվա մանրամասն դիտարկումներին ավելացնելու բան
չկա, միայն կասեմ, որ իր պատասխանատվության շրջանի մասին նախագահը շատ համեստ ներկայացրեց,
բայց դրա մասին՝ մեկ այլ առիթով»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: