ABCMEDIA
Ծանոթացել ենք Հայաստանի անունից Ադրբեջանին ուղարկած առաջարկներին․ զիջումների մասին մտահոգությունները պահպանվում են. հայտարարություն

Ծանոթացել ենք Հայաստանի անունից Ադրբեջանին ուղարկած առաջարկներին․ զիջումների մասին մտահոգությունները պահպանվում են. հայտարարություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը․

 

«Այսօր ԱԳՆ-ում ծանոթացել ենք Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանին 2024 թ․ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։

 

Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չկա, և առաջարկների նախկին փաթեթներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած բոլոր մտահոգությունները, կապված ՀՀ-ի կողմից որևէ հավելյալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի և ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ, պահպանվում են։

 

Սակայն, ուշագրավ ենք համարում հետևյալ հանգամանքը. պայմանագրի կետերին ծանոթանալու ընթացքում ԱԳՆ աշխատակիցները մեզ ակնարկեցին, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վտանգների և կեղծ խաղաղության թեզի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված մեր ջանքերը հայտնվել են համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, և ԱԳՆ֊ն ուսումնասիրում է մեր կողմից գաղտնի տեղեկությունների չհրապարակայնացման դրույթը խախտելու հանգամանքների առկայությունը։

 

Փաստորեն, Ադրբեջանի նախագահի` ՀՀ-ին և հայ ժողովրդին ամենօրյա ռեիժիմով ուղղվող սպառնալիքների ֆոնին, ՀՀ ԱԳՆ֊ն զբաղված է ընդդիմադիր պատգամավորների հարցազրույցները և հրապարակային խոսքերը քննելով։

 

Հայտնում ենք, որ մենք սա գնահատում ենք ուղիղ սպառնալիք և պատգամավորական գործունեությանը խոչընդոտող քայլ, միաժամանակ` տեղեկացնում, որ շարունակելու ենք մեր ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված մեր գործունեությունը»։