25 Հլս
2024
22.4° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիմակայել ժամանակի փորձություններին, պահպանել այն, ինչը նվիրական է և սուրբ, արժեքավոր ու հարազատ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը՝ եկեղեցականներին

Դիմակայել ժամանակի փորձություններին, պահպանել այն, ինչը նվիրական է և սուրբ, արժեքավոր ու հարազատ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը՝ եկեղեցականներին

Փետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։

 

Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

 

Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

 

Պատարագիչն էր Արմավիրի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը։

 

Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, պատգամեց Սրբոց Ղևոնդյանց օրինակով թոթափել վախը, անտարբերությունը և քաջությամբ պայքարել քրիստոնեական ու ազգային արժեքների պահպանմանը սպառնացող վտանգների դեմ։

 

Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Հավաքի առիթով ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

 

Այնուհետև «Հանրակրթական ծրագրերի փոփոխությունների մասին (Հայոց Պատմություն առարկա)» զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռի դիրքորոշումները հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և 7-րդ դասարանի «Հայոց Պատմություն» դասագրքում տեղ գտած բացթողումների վերաբերյալ։ Թեմայի շուրջ ծավալվեցին քննարկումներ։

 

Ապա տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

 

Ավագ քահանայության պատվի արժանացան Ֆրանսիայի թեմից Արժանապատիվ Տ․ Գառնիկ քահանա Կարապետյանը և Տ․ Անդրանիկ քահանա Մալճյանը, Կրասնոդարի և Հյուսիային Կովկասի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Հարությունյանը։

 

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում սպասավորող Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Քեսաբլյանին, Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանին և Տ․ Արսեն քահանա Սարոյանին, Մասյացոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Դերենիկ քահանա Միքայելյանին և Տ․ Եփրեմ քահանա Հարությունյանին, Գեղարքունյաց թեմից Արժանապատիվ Տ․ Ներսես քահանա Սահակյանին, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ․ Հուսիկ քահանա Գրիգորյանին, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Արիստակես քահանա Բաղալյանին, Ուկրաինայի հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Գըլըճյանին, Տ․ Վարագ քահանա Յապարյանին և Տ․ Վարդան քահանա Ադամյանին, իսկ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Տ․ Գրիգորիս քահանա Պողոսյանին։

 

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող Արժանապատիվ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյանը և Տ․ Մովսես քահանա Սահակյանը, Մասյացոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Հարություն քահանա Հակոբյանը, Գեղարքունյաց թեմից Արժանապատիվ Տ․ Նարեկ քահանա Այվազյանը, Տավուշի թեմից Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Կարապետյանը, Վիրահայոց թեմից Արժանապատիվ Տ․ Ղևոնդ քահանա Թազայանը և Տ․ Հովսեփ քահանա Հարությունյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Հայկազուն քահանա Սահակյանը։

 

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունն ընդգծեց, որ ինչպես դարեր շարունակ, այսօր ևս առիթ է Սրբոց Ղևոնդյանց քահանայից պայծառ օրինակի և սխրանքի լույսի ներքո անդրադառնալու հոգևորականի առաքելությանը և արժևորելու եկեղեցականների նվիրյալ ծառայությունն ազգային և հոգևոր կյանքում։

 

«Ազգային մտապատկերում Սուրբ Ղևոնդյանք մարմնացումն են «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» հերոսական ոգու, որով մեր ժողովուրդը իր պատմության տարբեր հանգրվաններում Ավարայրի գոյամարտ է մղել աստվածապարգև իր անկախ ու ազատ կյանքի և իր ինքնության անխաթար պահպանության համար։

 

Սիրելի հոգևոր հայրեր, այս պայքարը թվում է, թե շարունակական է մեր ազգի լինելիության, մեր արդար իրավունքների ու համազգային շահերի պաշտպանության համար։ Մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցականաց տերունապատվեր ծառայությունն ու պատասխանատվությունը մեր ժողովրդի և հայրենյաց նկատմամբ մշտական է և անընդմիջելի՝ աննկուն պահելու Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին հայոց մեջ, դիմակայելու ժամանակի փորձություններին, պահպանելու այն, ինչ ազգային կյանքում նվիրական է և սուրբ, արժեքավոր ու հարազատ։

 

Այսօր պատմության դժվարին շրջափուլ է ապրում մեր ժողովուրդը, մեր սրբազան հայրենիքը։ Բռնազավթված է Արցախը, անվտանգային մարտահրավերների առջև է մեր նահատակ զավակների արյամբ, համայն ազգի զոհողություններով կերտված հայոց անկախ պետականությունը, հարվածների ներքո են մեր ժողովրդի նվիրական ընկալումներն ու ազգային-հոգևոր արժեհամակարգը, թիրախավորվում է նաև Հայոց Եկեղեցին»,-նշեց Նորին Սրբությունը՝ ցավ ի սիրտ արձանագրելով, որ հայ հասարակության մեջ սերմանվում ու արմատավորվում են ստեղծված ծանր իրավիճակի հետ հաշտվողական տրամադրություններ՝ տկարացնելով չարին ու չարիքին ընդդիմանալու ոգին։

 

Վկայակոչելով Պողոս առաքյալի պատգամը՝ «Որովհետև Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ․ Ա 7), Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին․ «Այդ զորության, սիրո և զգաստության ոգով պետք է շարունակենք հոգևոր մեր առաքելությունը՝ հայորդյաց սրտերում զորացնելով հավատն ու հույսը վաղվա օրվա նկատմամբ, սերմանելու հունդերը մեր լուսավոր գալիքի տեսլականի։ Նույնն է առաքելությունը, նույնն է պատասխանատվությունն ու պարտականությունը մերօրյա Ղևոնդյանց քահանաներիդ, որպեսզի ձեր անդուլ և հետևողական աշխատանքով հետպատերազմյան այս թմբիրից դուրս բերվի մեր ժողովուրդը և իր հայրենական ու ազգային կյանքը ամրորեն վերախարսխի դարերի փորձությունների բովով թրծված հայրենանվիրումի ու ազգասիրության վրա։ Մեր ազգի արժանապատիվ կյանքի վերակերտման հիմքում վերստին պետք է անկյունաքար դառնա մեր ազգային-հոգևոր արժեհամակարգը, որը շաղախյալ է մեր ժողովրդի բազմադարյա տառապանքներով ու հոգևոր խիզախումներով և ճշմարիտ բանալին է մեր հավաքական կամքի և ոգու հաղթության»։

 

Նորին Սրբությունը կոչ արեց եկեղեցականներին ամենայն ջանք գործադրել, որպեսզի համընդհանուր մերժման ու դատապարտման արժանանան անարդարություններն ու անիրավությունները, և կասեցվեն մեր ժողովրդի միասնությունը խաթարող և ուժերը ջլատող ընթացքներն ու խոտելի երևույթները։

 

«Սիրելի հոգևոր հայրեր, մեր Սուրբ Եկեղեցու հանձնառությունն է բոլոր ժամանակներում, հավատարիմ ու նվիրյալ մնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությանը և քրիստոնեական անխախտ արժեհամակարգին, հովվել ու հոգատարել հայոց ազգին, ամրապնդել «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» ոգին, ծառայել խաղաղ ու ապահով հայրենիքի կերտմանը, հայեցի դաստիարակությամբ և ազգային գիտակցության ամրապնդմամբ ամենուր յուրովսանն նպաստել հայ ինքնության անաղարտ պահպանությանը և մեր ազգի ու հայրենիքի անսասանությունը»,-ասաց Հայոց Հովվապետը՝ կարևորելով հոգևորականների սրբազան առաքելությունը՝ աստվածահաճո ընթացքներով ուղղորդելու և փրկության առաջնորդելու նրանց խնամքին հանձնված ժողովրդին։

 

Իր խոսքում Նորին Սրբությունը, շնորհավորելով պարգևների արժանացած քահանա հայրերին, տոնի առիթով նաև իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին, քահանայից դասին, եկեղեցական կառույցներում և ի սփյուռս աշխարհի սպասավորող ողջ հոգևորականությանը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց ամենքին Բարձրյալն Աստծո զորակցությունը, աննվազ ուժ ու կորով՝ ի սպասավորություն աշխարհասփյուռ հայ ժողովրդի, ի զորացում և ի փառս Հայրենիքի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։