
Արևմուտքի նպատակն է օգտագործել Հայաստանին Ռուսաստանի դեմ, մինչդեռ Երևանն անտեսում է Մոսկվայի նախազգուշացումները․ Գալուզին
Մոսկվան հույս ունի, որ հայ հասարակությունը կկանխի, որ որևէ մեկն իր երկիրը Ռուսաստանի հետ բախման մեջ ներքաշի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Իհարկե, մենք հույս ունենք, որ Հայաստանում առաջիկա ընտրությունների շուրջ այս ավելի ու ավելի անհանգիստ իրավիճակում հայ հասարակությունը կպահպանի սառնասրտություն և կկանխի, որ որևէ մեկն իր երկիրը Ռուսաստանի հետ բախման մեջ ներքաշի»,- նշել է Գալուզինը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ են պարունակում։
«Վերջերս Հայաստանի ղեկավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք ակնհայտորեն հակասում են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ոգուն և այդ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ են պարունակում»,- հայտարարել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս և բացահայտորեն իր բացասական վերաբերմունքն է հայտնել հայկական կողմին Երևանի գործողությունների նկատմամբ։
«Մեր վերաբերմունքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ անփոփոխ է։ Հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է, և Ռուսաստանը միշտ աջակցել է եղբայրական հայ ժողովրդին, միշտ եղել է նրանց կողքին»,- հավելել է Գալուզինը։
Նա նշել է, որ Արևմուտքի նպատակն է օգտագործել Հայաստանին Ռուսաստանի դեմ, մինչդեռ Երևանն անտեսում է Մոսկվայի նախազգուշացումները։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին՝ ի տարբերություն ԵՄ-ի, որի ներկայացուցիչները գտնվում են Երևանում և փորձում են ազդել ընտրական գործընթացի վրա։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան ցնցված է, որ Հայաստանը հարթակ է տրամադրել Վլադիմիր Զելենսկիին՝ Ռուսաստանի դեմ սպառնալիքներ հնչեցնելու համար։
«Եվրամիության հովանու ներքո մայիսի սկզբին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումները դարձան այդ մեթոդների կիրառման խիստ նողկալի ցուցադրություն։ Այս նողկալիության գագաթնակետը Ռուսաստանի դաշնակցի, Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ մայրաքաղաք Երևանում հարթակի տրամադրումն էր Կիևի նացիստական ռեժիմի առաջնորդ Զելենսկիին, որպեսզի նա օգտագործի այս հարթակը՝ Ռուսաստանի և նրա ժողովրդի դեմ բացարձակապես նողկալի սպառնալիքներ հնչեցնելու համար»,- լրագրողներին ասել է Գալուզինը՝ ընդգծելով, որ զարմանալի է, որ հայկական կողմից ոչ ոք նկատողություն չի արել հյուրին. «ոչ ոք չի դատապարտել այս նողկալի հայտարարությունները»։
Գալուզինը նաև նշել է, որ Հայաստանը չի կարող լինել և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), և՛ Եվրամիության (ԵՄ) անդամ. երկու հարսանիքի ժամանակ պարել հնարավոր չի լինի։ Միևնույն ժամանակ ՝ նա ավելացրել է, որ դեռևս որևէ կոնկրետություն չկա, թե ինչ ժամկետներում Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։
Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերություններում իր ուղղության վերաբերյալ հստակության օգտին։
Ռուսաստանը չի ընդունում Հայաստանի դիրքորոշումը, որը մտադիր է պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին մինչև Եվրամիության անդամակցությունը։ Գալուզինի կարծիքով՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանն ընդամենը պոպուլիստական կարգախոս է, որն օգտագործվում է Բրյուսելում: Նմանատիպ մեթոդներ կիրառվել են նաև Ուկրաինայի և Մոլդովայի դեմ։


