ABCMEDIA
Էրմիտաժում բացվել է Էրեբունի թանգարանի անկյունը

Էրմիտաժում բացվել է Էրեբունի թանգարանի անկյունը

Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժում՝ Ուրարտուի դահլիճում, բացվել է Էրեբունի թանգարանի անկյունը:

Այնտեղ ցուցադրված են երեք հնագիտական արտեֆակտ Էրեբունի թանգարանից: Դրանցից մեկը Երևանի ուրարտական դամբարանից գտնված աճյունասափորն է, որը ներկայացնում է ուրարտական տերության թաղման ծեսը, մյուսը Նոր Արմավիրից գտնված երկկանթ սափորն է, որը վերաբերում է ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանին և մատնանշում է Ուրարտուից դեպի Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանների ժառանգականությունը: Հատկանշական է, որ այս անկյունում առանձնահատուկ տեղ է գտել Էրեբունի-Երևանի քարե անձնագրերից մեկը համարվող սեպագիր արձանագրությունը: Կան նմանօրինակ չորս արձանագրություններ, և դրանցից մեկն այժմ ցուցադրվում է Էրմիտաժում: Չափազանց կարևոր է ցույց տալ, որ հենց Էրեբունուց է սկսվում Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը:

Անկյան բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտովսկին, հայ եկեղեցու հոգևորականներ և այլ բարձրաստիճան պետական այրեր, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Էրեբունի ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը հյուրերին ներկայացրել է Էրեբունու անկյունը և պատմել յուրաքանչյուր իրի մասին:

 

Էրեբունի ՊՀԱԹ-ը միակ թանգարանն է աշխարհում, որն իր անկյունն ունի այնպիսի համաշխարհային մշակութային հաստատությունում, ինչպիսին Էրմիտաժն է: Էրեբունու և Էրմիտաժի գիտաշխատողների համատեղ ջանքերով ստեղծվել է գիտահանրամատչելի և պատկերազարդ բուկլետ, որը տեղադրված է անկյան մոտ: Յուրաքանչյուր այցելու կարող է անվճար վերցնել այդ բուկլետները: Անկյունը կպահպանվի առնվազն մեկ տարի ժամանակահատվածով։ Նշենք, որ այս տարվա երկրորդ կիսամյակում կբացվի Էրմիտաժի անկյունը Էրեբունի թանգարանում: