26 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թ. փետրվարի 24-ը։ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական հանդեսում»։

«2022 թվականի թիվ 266 որոշմանը համապատասխան և քանի դեռ շարունակվում են Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունները՝ խախտելով ուժի կիրառման արգելքը, որը միջազգային օրենքի լուրջ խախտում է, նպատակահարմար է ուժի մեջ պահել Միության կողմից սահմանված բոլոր միջոցառումները և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել։ Հետևաբար, 2022 թվականի թիվ 266 որոշմամբ սահմանված սահմանափակիչ միջոցները պետք է երկարաձգվեն ևս 12 ամսով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը», – ասված է որոշման մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ խոսքը պատժամիջոցների մասին է, որոնք սահմանվել են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմ մտնելու կապակցությամբ։

Հունվարի կեսերին Եվրամիությունն սկսել է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Ըստ Bloomberg գործակալության տեղեկատվության՝ սահմանափակումները, որոնք նախատեսվում է ընդունել մինչև փետրվարի 24-ը, քննարկվել են հունվարի 17-ին ԵՄ երկրների դեսպանների հանդիպմանը։ Խոսքը վերաբերել է պատժամիջոցների ցուցակների ընդլայնմանը, լրացուցիչ առևտրային սահմանափակումներին, ինչպես նաև սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներին։ Հետագայում ԵՄ ներկայացուցիչը հաստատել է, որ ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայում  ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարին լրանալու կապակցությամբ: