27 Հլս
2024
28.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ

Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ

Սիրիական SANA պաշտոնական գործակալությունը հայտնում է, որ այս գիշեր՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 01:45-ին, Իսրայելը օդային հարձակում է ձեռնարկել Հալեպի շրջանում մի քանի թիրախների վրա։ Այս հարձակմանը զուգահեռ Իդլիբից անօդաչու սարքերի միջոցով ահաբեկչական կազմակերպության կողմից մեկ ուրիշ հարձակում է իրականացվել Հալեպի վրա: Կան մեծ թվով զոհեր և վիրավորներ ինչպես սիրիացի զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում։

Սիրիական ընդդիմությանը մոտ գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնում է առնվազն 36 սիրիացի զինվորների մահվան և տասնյակ վիրավորների մասին, այդ թվում՝ ծանր, հետևաբար զոհերի թիվը կարող է աճել։

Reuters-ը հայտնում է նաև Հեզբոլլահի հինգ անդամների մահվան մասին:

Կենտրոնի տվյալներով՝ հարձակումն իրականացվել է Հալեպի օդանավակայանի մոտ լիբանանյան Հեզբոլլահին պատկանող զենքի պահեստի վրա։ Հարձակման են ենթարկվել նաև Հալեպի նահանգում պաշտպանական գործարաններ և մի քանի այլ օբյեկտներ։

Սրանք վերջին տարիների ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով սիրիացի զինվորականների շրջանում ամենածանր կորուստներն են:

Նշենք, որ նախօրեին Դամասկոսի արվարձանների վրա իրականացված իսրայելական հարվածի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել: