
Ռուսաստանն ընդամենը 6 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի հետ սահմանին բազա է կառուցել ռեակտիվ ԱԹՍ-ների արձակման համար
Ռուսաստանն ընդամենը 6 շաբաթվա ընթացքում գրեթե ավարտել է Ուկրաինայի սահմանների մոտ ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի արձակման նոր խոշոր բազայի շինարարությունը․ գրում է Reuters գործակալությունը՝ հիմնվելով արբանյակային լուսանկարների ուսումնասիրության վրա։
Բազան կառուցվում է Ռոստովի մարզում։ Դեռ օգոստոսի 31-ի դրությամբ այդ վայրում դատարկ դաշտ էր, իսկ այժմ այնտեղ մասշտաբային համալիր է, որն իր չափերով հավասար է 126 ֆուտբոլային դաշտի։
Մասնավոր հետախուզական DroneSec ընկերության հիմնադիր Մայք Մոննիկի կարծիքով՝ դատելով լուսանկարներից՝ բազան նախատեսված է «Գերան-4» և «Գերան-5» նորագույն ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի արձակման համար։ Համալիրի արևմտյան մասում տեղակայված է 8 արձակման կայանք։
Փորձագետի գնահատմամբ՝ բազան ի վիճակի է ապահովել օրական մոտ 100 ռեակտիվ դրոնի արձակում։ Հավանական է, որ այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի «հաշված շաբաթների ընթացքում»։


