
«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ադրբեջանում, մյուսը՝ Երևանում․ Լավրով
Ռուսաստանը կարծում է, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել Ադրբեջանում. այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք արդեն մի քանի անգամ հանդիպել ենք, և այժմ սպասում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, թե ով է հյուրընկալելու այս խմբի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը։ Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը կարող է կայանալ Ադրբեջանում, իսկ դրան հաջորդողը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ», - նշել է ՌԴ արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ այս ձևաչափը համապարփակ է. այն չի սահմանափակվում որևէ առանձին նախագծով, որը նախատեսված է իրականացնելու ավելի լայն տարածաշրջանային համատեքստից դուրս։
«Այդ իսկ պատճառով՝ մենք ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափին», - նշել է նախարարը։


