ABCMEDIA
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ

Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, և հարձակվելով հոգեւորականների և տեղացի հայերի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։

«Վտարումը ղեկավարել է Ասաֆ Հարէլ անունով սպան:

Երբ սպաների խմբից պահանջվել է հայ հոգևորականներին և տեղացի հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, վերջիններս որևէ արտոնություն կամ դատարանի որոշում չեն ներկայացրել և շարունակել են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներին՝ Հայոց Պատրիարքարանի գույքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործողությունները դադրեցնելու փորձի ընթացքին մի քանի ոստիկաններ շարունակաբար հայտարարել են, թե եկել են արտոնագրով, սակայն բնավ չեն ներկայացրել հիշյալ արտոնագիրը և ասել են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողների իրավունքները»:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է և վերահսկողը Երուսաղեմի չորս թաղամասերից մէկի: Մենք ակնկալում ենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպես որ, իբր տրված է բոլորին Երուսաղեմի մէջ և պատասխաններ ենք պահանջում Իսրայելի ոստիկանությունից և Իսրայելի կառավարությունից՝ այսօրվա իրադարձություններին նրանց մասնակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը նաև նշել է, թե աներկբա է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են:

«Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերում և պիտի հրավիրենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ընդգծել է Գոգչյանը: