Իսրայելը տարհանում է 7 դեսպանատները և ուժեղացնում պաշտպանությունը՝ վախենալով Իրանի պատասխան գործողություններից
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը պատրաստվում է փակել իր դեսպանատներն ամբողջ աշխարհում՝ Իրանի սպառնալիքների պատճառով՝ ի պատասխան այս շաբաթվա սկզբին Դամասկոսում իր հյուպատոսության վրա կատարված հարձակման։
Արաբական Al-Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելը տարհանել է իր յոթ դեսպանատներն ու ներկայացուցչությունները՝ վախենալով Իրանի արձագանքից, ներառյալ ներկայացուցչությունները՝ Եգիպտոսում, Բահրեյնում, Հորդանանում, Մարոկկոյում, Անկարայում, Ստամբուլում և Թուրքմենստանում:
Իսրայելական թերթերից մեկն էլ հայտնում է, որ ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում հայտարարվել է զգոնության առավելագույն աստիճան:
Թերթը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության անվտանգության վարչության և Իսրայելի ներքին անվտանգության ծառայության միջև խորհրդակցությունից հետո։
Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ որոշ բնակավայրերում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներին խնդրել են առաջիկա օրերին աշխատանքի չգնալ։
Իսրայելի 12-րդ ալիքն էլ հայտնել է, որ դիվանագետներին հրահանգներ են տրվել՝ ուրբաթ չներկայանալ իրենց աշխատավայրեր և մնալ տներում։ Հեռուստաալիքը նշել է, որ այդ միջոցը չի հանդիսանում իսրայելական դիվանագիտական առաքելությունների տարհանում կամ դիվանագետների վերադարձ Իսրայել, այլ, ավելի շուտ, տեղավորվում է նախազգուշական միջոցների տրամաբանության մեջ։