
Ի՞նչ են քննարկել ադրբեջանցիները Կոնգրեսի շենքում․ մանրամասներ՝ Հայ դատի ԱՄՆ գրասենյակից
Հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում Ադրբեջանական մի մեծ համայնք միջազգային իրավունքի մասնագետների, փախստականների իրավունքի պաշտպանների ներկայությամբ քննարկել է թե ինչպես են հայերը 20-րդ դարի ողջ ընթացքում իբր էթնիկ զտման ենթարկել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում բնակված ադրբեջանցի ժողովրդին։
«Բաքվի նախաձեռնող խումբ» կոչվող կազմակերպությունն է փորձում «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին կեղծ օրակարգը տեղափոխել միջազգային քաղաքական դիսկուրսի ավելի բարձր մակարդակ։
Հայ դատի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն է հետևել քննարկմանը և ABC Media-ի հետ զրույցում մանրամասներ հրապարակել։
– Միացյալ Նահանգների Կոնգրեսում ադրբեջանական համայնքի միջոցառում է տեղի ունեցել։ Ձեր գնահատմամբ, որքանո՞վ էր սա սովորական լոբբիստական միջոցառում և որքանո՞վ՝ Ադրբեջանի կողմից նոր քաղաքական օրակարգ միջազգայնացնելու փորձ։
– Կապիտոլիումում Բաքվի նախաձեռնող խմբի անցկացրած միջոցառումը, կարող ենք ասել, ԱՄՆ Կոնգրեսում ապագայում ներկայություն ձևավորելու համար հիմք ստեղծելու ակնհայտ փորձ էր։ Նրանք մինչ այժմ նման ներկայություն չեն ունեցել։
Վաշինգտոնում հայկական և ադրբեջանական շահերի միջև հակասությունը շատ անհամաչափ է․ հայկական կողմն ունի ուժեղ Սփյուռք, հայկական շահերն ու ձգտումները ներկայացնող Հայ Դատի հանձնախումբ ու այլ կառույցներ, իսկ Ադրբեջանի դեպքում գործ ունենք դերակատարի հետ, որն իր ֆինանսական ռեսուրսների շնորհիվ կարողանում է տարբեր ձևերով մարդկանց ներգրավել իր ազդեցության դաշտ։
Այսպիսով՝ իրավիճակը բավական անհամաչափ է։ Սա Ադրբեջանի կողմից ինչ-որ կերպ Կոնգրես մուտք գործելու փորձ է։ Եվ, կարծում եմ՝ նրանք դա արեցին բավական հետաքրքիր ձևով։ Սովորաբար նրանց դաշնակիցները Վաշինգտոնում եղել են նեոպահպանողականները, որոշ շրջանակներ պրո-իսրայելական համայնքից, Ռուսաստանի և Իրանի հարցում կոշտ քաղաքականության ջատագովներից։ Դա է եղել նրանց ավանդական դաշնակցային շրջանակը։
Նրանց մոտ, սակայն, կա նաև առանձին ուղղություն, և այս միջոցառումը դրա արտահայտությունն էր։ Այդ ուղղությունը վերաբերում է «Գլոբալ հարավին», անկախության գաղափարներին, մարգինալացված խմբերին ու հակագաղութային թեմաներին։ Եվ այդ միջոցառումը հենց այս հարթության մեջ էր։ Հիմա կբացատրեմ։ Նրանք հրավիրել էին մարդկանց, որոնք ներկայացվում էին որպես մարգինալացված խմբեր՝ օրինակ Հնդկաստանի, Նիդերլանդների կամ Ֆրանսիայի կողմից տուժած համայնքների ներկայացուցիչներ։ Կարծում եմ՝ սա հենց այն էր, ինչ մենք տեսանք երեկ։
Իրականում, սակայն, այդ մարդիկ արդեն իսկ մարգինալացված համայնքների ներսում շատ փոքր և ոչ կենտրոնական դեր ունեն։ Գործնականում այնտեղ Կոնգրեսի ներկայություն գրեթե չկար՝ ո’չ կոնգրեսականներ, ո’չ նրանց աշխատակազմը, և ոչ էլ նույնիսկ Կոնգրեսին մոտ կանգնած մարդիկ։ Այնտեղ հիմնականում ներկա էին այդ մարգինալացված խմբերի ներկայացուցիչներ և կազմակերպիչների փոքր խումբ, որն, ըստ երևույթին, կա՛մ ֆինանսավորվում է Ալիևի կողմից, կա՛մ շատ մոտ է նրա շրջապատին։ Այսինքն՝ որոշակի ֆինանսական ռեսուրսներ ունեցող մարդկանց բավական նեղ շրջանակ, որը կարողացել էր սրահ վարձել, բերել էին մարգինալացված որոշ խմբերի ներկայացուցիչների, որոնք այլ պայմաններում գուցե հարթակ չստանային։ Նրանք, հնարավոր է, ուշադրության կարիք ունեցող խմբեր էին։
Սա առանձնապես ուժեղ կամ հաջողված նախաձեռնություն չէր, սակայն կարծում եմ՝ հետագայում նրանք կփորձեն այս ուղղությամբ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել։ Առաջին քայլերը թույլ կլինեն, սակայն ժամանակի ընթացքում, եթե աշխատանք տանեն, կտեսնենք՝ ինչ արդյունքի կարող են հասնել։
– Նման քննարկումներն ու միջոցառումները հաճա՞խ են վերածվում Կոնգրեսի կամ Սենատի պաշտոնական օրակարգի հարցերի, թե՞ լոբբինգը շարունակում է վճռորոշ դեր խաղալ քաղաքական հնչեղություն ստանալու հարցում։
– Սովորաբար Կոնգրեսում ամենամեծ արձագանքն ստանում են այն հարցերը, որոնք ունեն ամերիկացի ընտրողների իրական աջակցությունը։ Շահերի պաշտպանության մեր մոդելի հիմքում ԱՄՆ-ի հայերն են՝ մարդիկ, որոնք ծնվել ու մեծացել են ԱՄՆ-ում, մեծ ներդրում են ունեցել Ամերիկայի կյանքում, ակտիվ են իրենց տեղական համայնքներում, մշտական կապի մեջ են իրենց համայնքային ներկայացուցիչների հետ և հասարակ քաղաքացիների մակարդակով՝ «ներքևից վերև» մոտեցմամբ (grassroots approach) ձևավորում ու զարգացնում են օրակարգային հարցեր։ Հենց սրա վրա ենք մենք հիմնվում։
Կարծում եմ՝ Ադրբեջանն, ինչպես նաև Թուրքիան, չունեն նման «ներքևից վերև» մոտեցման հիմք․ նրանք չունեն նաև նման հիմք կառուցելու համար անհրաժեշտ համբերությունը, էներգիան ու հետևողականությունը։ Բացի այդ, նրանց համար շատ դժվար է կոալիցիոն գործընկերներ գտնել, որովհետև շատ հարցերում նրանք գտնվում են բարոյապես սխալ կողմում։
Մեր մոտեցումը սա է, իսկ նրանք պարզապես փորձում են ֆինանսական միջոցների օգնությամբ արհեստականորեն օրակարգ մտցնել իրենց համար կարևոր հարցերը։ Եվ այստեղ առաջ է գալիս շատ կարևոր մի հարց. մենք գործ ունենք խոր անհամաչափության հետ․ Վաշինգտոնում հայկական և ադրբեջանական կողմերը միմյանց հայելային արտացոլումը չեն։ Ցավալին այն է, որ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի կառավարությունը փաստացի հրաժարվել է Վաշինգտոնում հայկական շահերի և իրավունքների առաջմղումից։ Նրանք հրաժարվել են այդ օրակարգից։ Կարծում եմ՝ նրանց տրամաբանությունն այն է, որ նման «բարի կամքի» դրսևորումը՝ նահանջը Ցեղասպանության հարցից, Արցախյան հարցից, Արցախի ադրբեջանական օկուպացիայի կամ պատանդների պահման հարցերը չբարձրացնելը, մեր եկեղեցիների ավերման կամ Արցախ հայերի վերադարձի իրավունքը չպաշտպանելն, ի վերջո, կստիպեն Ադրբեջանին փոխադարձ զիջումների գնալ։ Սակայն Վաշինգտոնում այդ տրամաբանությունը չի գործում, և առհասարակ՝ որևէ լուրջ քաղաքական կենտրոնում այդ տրամաբանությունը չի գործում։
Երբ հայկական կողմը դադարում է զբաղվել այս հարցերով, Ադրբեջանը պարզապես սկսում է լրացնել առաջացած վակուումը, որովհետև քաղաքականությունը չի հանդուրժում դատարկություն։ Եվ, երբ Երևանը չի բարձրացնում արցախահայերի վերադարձի հարցն, առաջացած բացն սկսում են լրացնել տարբեր խմբեր, ինչպես օրինակ՝ այս կեղծ խմբերը։
Այսպիսին է իրավիճակը։ Ես երկար տարիներ դասավանդել եմ կիրակնօրյա դպրոցում և կարող եմ ասել, որ նույնիսկ 6-7-րդ դասարանների իմ աշակերտները կասեին՝ եթե գործ ունես թշնամու հետ և նրա նկատմամբ բարյացակամ ես, երաշխավորված չէ, որ նա նույն կերպ կպատասխանի։ Շատ հաճախ պետք է առաջնորդվել վատագույն սցենարով, իսկ Ադրբեջանի դեպքում մենք արդեն տասնամյակներ շարունակ ականատես ենք լինում հենց այդ սցենարին։
– Խոսեցիք նաև Արցախի մասին։ Եթե համեմատենք ադրբեջանական և հայկական լոբբիստական ջանքերը Արցախի հարցի վերաբերյալ, ի՞նչ դասեր կարելի է քաղել՝ կանխելու համար, որ ադրբեջանական լոբբինգը հաջողությամբ ձևավորի օրակարգը Կոնգրեսում։
– Կարծում եմ՝ այս անգամ ևս գործ ունենք ընդգծված խոր անհամաչափության հետ։ 2020 թվականի պատերազմից հետո ավելի քան 200 կոնգրեսական՝ տարբեր ձևերով՝ օրենսդրական նախաձեռնությունների, նամակների, հայտարարությունների կամ ելույթների միջոցով, քննադատել են ադրբեջանական ագրեսիան և Արցախում իրականացված էթնիկ զտումները։ Իսկ այն օրենսդիրների թիվը, որոնք պաշտպանել են Ադրբեջանի գործողությունները, չենք հաշվի անգամ մեկ ձեռքի մատների վրա։ Իրականում՝ ոչ ոք չի պաշտպանել Ադրբեջանի գործողությունները․ առավելագույնը մեկ-երկու կամ երեք հոգի կարող են շնորհավորել Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ կամ ընդհանուր, չեզոք բնույթի դրական խոսք ասել։
Ուստի, գործ ունենք բավական մեծ անհամաչափության հետ։ Նրանք հենվում են «ստվերային» աշխատանքի վրա։ Թույլ տվեք բացատրել։ Այն դեպքերում, երբ Հայաստանին վերաբերող հարցերը քննարկվում են բացահայտ ձևով, հանրային հարթությունում, որտեղ գործընթացը տեսանելի է բոլորին, դրանք սովորաբար ստանում են այնպիսի հանգուցալուծում, որը մեզ համար ընդունելի կամ բարենպաստ է։ Սակայն երբ որոշումները կայացվում են փակ դռների հետևում՝ Պետքարտուղարությունում, Պաշտպանության նախարարությունում, հետախուզական մարմիններում կամ Ազգային անվտանգության խորհրդում, Ադրբեջանը կարողանում է իր խաղը խաղալ՝ հենվելով Անկարայի և տարածաշրջանի այլ դաշնակիցների աջակցության վրա։ Նրանք կարողանում են փակ դռների հետևում պայմանավորվածություններ ձեռք բերել՝ կապված Ուկրաինայի պատերազմի, Իրանի պատերազմի կամ այլ աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ, որոնք հաճախ ավելի շահեկան են իրենց համար։
Ուստի, երբ խոսքը գնում է փակ դռների հետևում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների մասին, Ադրբեջանն ունի որոշակի առավելություններ։ Հայաստանը, սակայն, այդ հարթությունից գրեթե ամբողջությամբ հետ է քաշվել։ Նույնիսկ չեմ ցանկանում խոսել այն մասին, թե Հայաստանն այս ուղղությամբ ինչ կարող է առաջարկել․ ըստ էության, գրեթե ոչինչ։
Իսկ մեր գործունեությունը հիմնականում այդ փակ դռների հետևում չէ․ այն իրականացվում է ԱՄՆ-ի տարբեր նահանգներում՝ ընտրություններից ընտրություն, նահանգից նահանգ։ Օրինակ՝ Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով խմբի անդամներից մեկը՝ այդ խմբի համանախագահը, որն այժմ կրկին առաջադրվել է ընտրություններին մասնակցելու համար, դաշնային իշխանությունների կողմից պաշտոնապես մեղադրվել է ԱՄՆ-ի քաղաքականությունը հայկական շահերի դեմ ուղղորդելու նպատակով Ադրբեջանից 600․000 դոլարի կաշառք ստանալու համար։ Մենք շատ լուրջ աշխատանք ենք տանում, որպեսզի նա չվերընտրվի։ Իսկ նրա համանախագահ գործընկերը՝ Սթիվ Քոհենը, վերջերս փաստացի զրկվել է Թենեսիում իր կոնգրեսական մանդատից։ Մենք դա միանշանակ ողջունում ենք։ Մենք աջակցել ենք այն թեկնածուին, որը պատրաստվում էր առաջադրվել նրա դեմ, նախքան նրա մանդատից զրկվելը։ Բացի այդ, Նյու Հեմփշիրում կա մեկ այլ թեկնածու՝ նախկին սենատոր Սունունուն, որի ընտանիքը զգալի հարստություն է կուտակել։ Իրականում նա հարստացել է Արցախի տարածքում իրականացվող ադրբեջանական հանքարդյունաբերությունից։ Նրա թեկնածությանը մենք նույնպես դեմ ենք։
Այսպիսով՝ մեր աշխատանքը հիմնականում իրականացվում է ԱՄՆ տարբեր նահանգներում ծագումով հայ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքացիների և մեր դաշնակիցների միջոցով։ Մենք այդ ամբողջ քաղաքական կապիտալը համախմբում և բերում ենք Վաշինգտոն։
Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը տեսնում է այդ աշխատանքը, սակայն պատրաստ չէ նույն ճանապարհով գնալ։ Փոխարենը նրանք պարզապես կազմակերպում են արհեստական միջոցառումներ՝ ծախսելով անհրաժեշտ գումարներ, բերելով մարդիկ և նրանց ելույթների համար նախապես տեքստեր գրելով։ Սա, ըստ էության, կարճ ճանապարհ է, որը բավական տարածված է Վաշինգտոնում։
Վաշինգտոնյան քաղաքական լեզվով ասած՝ մենք գործում ենք «grassroots» սկզբունքով, այսինքն՝ մեր շարժումը ձևավորվում է ներքևից՝ հասարակ քաղաքացիներից ու տեղական համայնքներից, իսկ նրանցը՝ վերևից և միայն արտաքինից է նման հանրային նախաձեռնության։ Նրանք նման են արհեստական խոտածածկի՝ ոչ թե բնականի։
– Ամեն դեպքում՝ Ադրբեջանն իր քաղաքական կեղծ նարատիվները փորձում է միջազգային մակարդակ դուրս բերել։ Կարո՞ղ է արդյոք Բաքվի կողմից «էթնիկ զտում» կամ «վերադարձի իրավունք» տերմինների շահարկումը ի վերջո վերածվել Հայաստանի դեմ քաղաքական կամ իրավական պահանջների։
– Ոչ, քանի դեռ մենք այստեղ ենք։ Դա Վաշինգտոնում լուրջ արձագանք չի գտնի, քանի դեռ կան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի շուրջ համախմբված ԱՄՆ-ի հայերը, որոնք հակադարձում են նման նարատիվներին։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև եթե չլիներ մեր աշխատանքը, եթե մեր ամբողջ հույսը դնեինք Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարության վրա, կարծում եմ՝ որևէ հակադարձում չէր լինի․ կարծում եմ՝ մինչ օրս չենք տեսել որևէ լուրջ հակադարձում նույնիսկ Ադրբեջանի ամենածայրահեղ պնդումներին՝ կապված Հայաստանի այն տարածքների հետ, որոնք նրանք համարում են «Արևմտյան Ադրբեջան»։
Ուստի մեր հակադարձումը «հայելային» չէ, և չի ենթադրում, որ եթե նրանք ինչ-որ բան անեն, մենք նույն կերպ պետք է արձագանքենք։ Պարտադիր չէ, որ այդպես լինի։ Մեր օրակարգն է՝ ազատել պատանդներին, վերջ տալ Հայաստանի տարածքի ռազմական օկուպացիային, ապահովել միջազգային մանդատի ներքո հայերի անվտանգ վերադարձն Արցախ, կանխել Արցախում քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումը։
Այդ նրանք պետք է գիշերները չքնեն՝ մտահոգվելով մեր գործունեությամբ, իսկ նրանց քայլերը մեզ չեն անհանգստացնում։ Նրանք կարող են կազմակերպել մեկանգամյա միջոցառումներ, իրականացնել տարբեր նախաձեռնություններ։ Մենք ուշադիր հետևելու և անհրաժեշտության դեպքում հակադարձելու ենք նրանց։
Սրանք են այն նպատակները, որոնց շուրջ կառուցում ենք մեր ողջ աշխատանքը՝ անելով ամեն ինչ, որ նման մեկանգամյա միջոցառումներն արձագանք չստանան, և Կոնգրեսի անդամները հստակ հասկանան՝ իրականում ում հետ գործ ունեն։ Մենք դա անպայման կանենք։ Դա պաշտպանական քայլ է, որը պետք է իրականացնենք, բայց այն ոչ մի կերպ մեզ չի շեղում մեր հիմնական նպատակներից։
– Եվ ի վերջո, ո՞րն է եղել Ադրբեջանի քննարկման օրակարգը։ Իսկ ի՞նչ են քննարկել Կոնգրեսում, Կոնգրեսի շենքում և ի՞նչ սպասել։
– Մեր ընկալմամբ՝ քննարկումը հիմնականում վերաբերում էր «Գլոբալ հարավի» օրակարգին՝ անկախության և հակագաղութային մոտեցումներին։ Նրանք փորձում են իրենց դիրքավորել այդ շրջանակներում՝ իրենց նույնականաացնելով անբարենպաստ վիճակում գտնվող կամ մարգինալացված խմբերի հետ, որոնք, իրենց ներկայացմամբ, տուժել են մեծ տերությունների գործողություններից։ Կարծում եմ՝ այդ համատեքստում նրանք մատնանշել էին Հնդկաստանին, Ֆրանսիային և Նիդերլանդներին։ Այսինքն՝ նրանք փորձում են ընդհանուր նպատակների շուրջ միավորվել այդ մարգինալացված խմբերի հետ, որոնք սովորաբար Վաշինգտոնում մեծ ազդեցություն չունեն։ Բայց ամեն դեպքում սա իրենց ավելի լայն, գլոբալ նախաձեռնության մի մասն է, և երեկ Վաշինգտոնում տեղի ունեցածը դրա փոքր դրսևորումներից մեկն էր։ Միևնույն ժամանակ, նման ծրագրերը համադրվում են նրանց մյուս դաշնակցային կապերի՝ Վաշինգտոնում պրո-իսրայելական շրջանակների, Ռուսաստանի և Իրանի հարցում ավելի կոշտ քաղաքականության ջատագովների և տարբեր նեոպահպանողական շրջանակների հետ։ Կարող ենք ասել՝ նման շրջանակներն են կազմում նրանց հիմնական կոալիցիոն դաշտը, իսկ նման միջոցառումները երկրորդական նշանակություն ունեն, ծանրակշիռ կամ ազդեցիկ չեն, սակայն միևնույն է՝ դրանք նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահել։


