ABCMEDIA
Անդրանիկ Քոչարյանը՝ ցեղասպանության հետքերով. պարադոքս 2

Անդրանիկ Քոչարյանը՝ ցեղասպանության հետքերով. պարադոքս 2

ՔՊ իշխող ուժի պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել, որ իրենց իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձգտելու է հավաքագրել և իդիենտիֆիկացնել ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ անհրաժեշտ է իմանալ մեր հայրենակիցների տեղերը, հասցեները և պարզել, արդյոք զոհերի իրական թիվը 1,5 միլիոն է, մի գուցե ավելի՞ է կամ պակա՞ս։

Հիշեցնենք, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը մի շարք պարադոքսալ ու հակապետական հայտարարոություններ էր արել պատմական և իրական Հայաստանների հակոտնյա լինելու՝ կամ ազգային շահը պետականին հակասելու մասին։ Եվ հիմա էլ նմանատիպ հայտարարություն է արվում արդեն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով։ Այս հայտարարությունը նման է այն անեկդոտին, որտեղ դասախոսը պարտադրում է ուսանողին հիշել Հերոսիմայի և Նագասակիի բոլոր զոհերին՝ անուն ազգանուններով, բայց Հերոսիմայի և Նագասակիի զոհերին ինչ-որ կերպ կարելի է իդիենտիֆիկացնել, քանի որ այդ մարդիկ ունեցել են քաղաքացիություն։ Հայոց ցեոասպանության զոհերի արձանագրումը և իդիենտիֆիկացումը, զոհվածների թիվը հստակեցնելու համար, անհնար և ինչ-որ առումով բացասական հետևանքներ ունեցող գործողություն է։ Անհնար է, որովհետև հայերին շատ դեպքերում կոտորում էին գերդաստաններով։ Եվ, եթե տվյալ գերդաստանից փրկվածներ չկան, ապա ո՞վ և ինչպե՞ս է պատմելու կամ ապացուցելու այդ գերդաստանի ցեղասպանվելու հանգամանքը։ Եվ երկրորդ, Օսմանյան կայսրությունում ու դրանից հետո էլ Թուրքիայի հանրապետությունում, մինչև 1934թ-ի Մուստաֆա Քեմալի հատուկ հրամանագիրը, մարդիկ անգամ ազգանուններ չեն ունեցել։ Ինքը՝ Մուստաֆա Քեմալը, սկզբում լինելով օսմանյան բանակի գեներալ, հետո էլ Թուրքիայի Հնարապետության նախագահ, 1934թ-ի իր հրամանագրից հետո հետո նոր կարողացել է իրեն ազգանուն ընտրել։ Էլ ուր մնացին Օսմանյան կայսրության խուլ գյուղերում ապրող իրավազուրկ հայերը, որոնք, ոչ գրանցումն ամրագրող փաստաթղթեր կարող էին ունենալ, ոչ էլ անձնագրեր։ Առանց նշված փաստաթղթերի առկայության՝ անհնար է լինելու զոհերի հավաքագրումը և նույնականացումը։ Հաշվի առնելով այս գործընթացի բոլոր բարդությունները՝ օրինաչափ հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է իշխող ուժն ուզում գնալ այս քայլին։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս արձանագրումը կարևոր է այնքանով, որ հակառակ կողմը չկարողանա հերքել Ցեղասպանությունը, ասել, որ այն չի եղել։ Բայց այս հիմնավորումն իմաստազուրկ է, քանի որ, արդեն իսկ գոյութուն ունեն Հայոց ցեղասպանութունն ապացուցող բազմաթիվ փաստեր։ Այդ փաստերի շարքին են դասվում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների դեսպանատների հավաքագրած ապացույցները, օսմանյան զորքերին ուսուցանող գերմանացի սպաների արձանագրություններ, բացառիկ լուսանկարները և այլն։ Սա այնքան ակնառու գործընթաց է եղել, որ Օսմանյան կայսրության կապիտուլիացիայից հետո, հենց իրենց իսկ Կոստանդնուպոլսի դատարանն է մահապատժի որոշում կայացրել երիտթուրքերի պարագլուխների վերաբերյալ, որտեղ հաշվի է առնվել նաև Հայոց ցեղասպանության հանգամանքը։ Եվ դեռ չենք խոսում Սողոմոն Թեհլերյանին Բեռլինի դատարանի արդարացնող որոշման մասին։ Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Հայոց ցեղասպանությունը արդեն ճանաչել են շուրջ 40 երկիր։ Երիտթուրքերն իրենք, նույնիսկ լուրջ ջանքեր չեն գործադրել ցեղասպանությունը լավ քողարկելու համար։ Եվ, մի՞թե հիմա, այս բոլոր փաստերը հաշվի չառնող հակառակ կողմին պետք է համոզի Հայաստանի այսօրվա իշխանությունների հավաքագրած տվյալները։ Դե իհարկե ոչ։ Ցեղասպանության ժխտողականությունը դրված է Թուրքիայի պետական քաղաքականության հիմքում, և դա այդպես էլ շարունակվելու է։ Դեռ ավելին՝ այսօրվա իշխանությունների կողմից Ցեղասպանության զոհերի տվյալների հավաքագրումը կարող է մի բան էլ ջուր լցնել թուրքական ժխտողականության ջրաղացին։ Ներկայիս իշխանություններն անգամ չեն կարողանում 2020թ-ի 44-օրյա պատերազմում ունեցած կորուստները հստակեցնել, ասել, թե որքան մարդ է զոհվել, որքանը գերեվարվել և ինչքա՞ն մարդ է անհետ կորել։ Եվ, հետևաբար, Ցեղասպանության զոհերի իդենտիֆիկացումը ևս դատապարտված է ձախողման՝ արդեն վերը նշված հանգամանքների պատճառով։ Վերջում կպարզվի, որ նույնականացված զոհերի թիվն անգամ մոտ էլ չէ 1,5միլիոնին։ Ինչից, բնականաբար, կօգտվի Թուրքիան՝ ևս մեկ անգամ կասկածի տակ դնելով Ցեղասպանությունը։ Դե, իսկ այսօրվա իշխանության կառավարության գլուխն էլ, սրա շնորհիվ հնարավորություն կունենա հիմնավորել վերջերս առաջ քաշած իր թեզերը։ Այն մասով, որ մեր պատմությունն իրոք հակոտնյա է իրականությանը։ Կպարզվի, որ իրականում հայերին Թուրքիան ոչ թե ցեղասպանել է, այլ մի թեթև կոտորել։ Եվ ժամանակն է դադարել պատմության միջոցով պատանդ մնալ այլ պետությունների ձեռքին, վերացնել դարավոր թշնամանքը Թուրքիայի հետ և խաղաղության դարաշրջան ստեղծել։ Ի դեպ, պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում, շատ դեպքերում խուսափում Ցեղասպանություն եզրույթից՝ փոխարենը օգտագործելով Մեծ եղեռն տերմինը։ Երբ լրագրողներն Անդրանիկ Քոչարյանին հարցրին այդ մասին, նա ասաց, որ տարբերություն չկա այս երկու հասկացությունների միջև։ Բայց իրականում այդ տարբերությունը կա, և շատ մեծ է։ Եղեռնը ծանր հանցագործություն է մարդկության դեմ, բայց մարդկության դեմ ամեն ծանր հանցագործությունը ցեղասպանությունն է։ Եղեռնը ենթադրում է պարզապես կոտորած, իսկ ցեղասպանությունն ավելի վտանգավոր երևույթ է։ Դա այն է, երբ այդ կոտորածը մանրամասն կազմակերպվում է պետության կամ որևէ միավորի կողմից։ Այն նպատակամղված է, էթնիկական, կրոնական և այլ առանձնահատկությունները հաշվի առնելով, մարդկային որևէ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը։ Ցեղասպանությունը․ ի տարբերություն եղեռնի, ունի հստակ սահմանում, որը տրվել է լեհ գիտնական Լեմկինի կողմից և ընդունված է ամբողջ աշխարհում։ Հենց այս պատճառով էր, որ Հայ Դատի հանձնախումբը ամեն տարի ջանք էր թափում, որպեսզի ԱՄՆ-ի նախագահը արատաբերի ոչ թե Մեծ եղեռն հասկացությունը, այլ՝ «ցեղասպանություն» տերմինը։ Եվ հիմա, կառավարության այս անհեթեթ քայլերը կարող են կասկածի տակ դնել նախկինում գործադրված բոլոր ջանքերը։

Մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը և իշխող ուժի մյուս ներկայացուցիչները սկսեցին հայտարարությունների այս շարքը Արևմուտքի կողմից խոստացված դրամական օգնությունից հետո։ Նախկինում, Արևմուտքից բազմիցս են եղել հայտարարությունները, որ եթե ձգտում եք ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի կամ արևմտյան այլ կառույցների հետ ավելի սերտորեն համագործակցել, սկսեք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Քանի որ այս երկիրն Արևմուտքի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում։ Եվ հիմա Փաշինյանն էլ, Արևմուտքի հետ քաղաքական առևտրի մեջ մտնելով, պարտավոր է նաև դուր գալ Թուրքիային։ Հենց այս պատճառով, այսօրվա իշխանությունները սեփական հասարակության ներսում դիմում են ամեն տիպի մանիպուլատիվ գործունեության։ Միայն թե ժողովրդին նախապատրաստեն այսպես կոչված «խաղաղության դարաշրջանին», որը բխելու է Արևմուտքի և Թուրքիայի՝ բայց ոչ երբեք Հայաստանի շահերից։

 

Աշոտ Բարեքյան