27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարաշից՝ Հալեպ, ապա՝ Երևան. «Մարաշի կարի» թելերում թաքնված պատմությունը 

Մարաշից՝ Հալեպ, ապա՝ Երևան. «Մարաշի կարի» թելերում թաքնված պատմությունը 

Shtigen Group-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ առանձնացրել է հայկական արվեստներից ամենանուրբը՝ ասեղնագործությունը՝ հիշելով ու հիշեցնելով Արևմտյան Հայաստանի անջնջելի մշակույթի մասին։

Ասեղնագործությունը երաժշտության պես նուրբ, արտաքուստ պարզ, սակայն ներքուստ ազգային և ներանձնային փիլիսոփայական խոր շերտեր ունեցող արվեստ է։ Մասնագետները փաստում են՝ ասեղնագործական արվեստը զարգացել և զարգանում է հին ու հարուստ մշակույթներում, ինչպես հայկականն է։

Հայկական ասեղնագործությունը հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ նախշերի մեջ ամփոփված խորհուրդը. օրինակ՝ արևախաչը հավերժության նշանն է, Հայաստանի խորհրդանիշը և հաճախ պատկերվել է շրջանի մեջ՝ ութ թևերը աջ կամ ձախ թեքված (աղբյուրը՝ Սերիկ Դավթյանի հեղինակած «Հայկական ասեղնագործություն» աշխատություն)։

Ուղիղ և փոխաբերական իմաստներով արևին շատ մոտ գտնվող Shtigen Group-ը բազմաթիվ նախաձեռնություններում հայկական արվեստի տարբեր էլեմենտներ է օգտագործում՝ դրանով նաև նպաստելով ազգային մշակույթի տարածմանը։ Ընկերությունը «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» եզրույթը վերափոխել, «կորպորատիվ ազգային պատասխանատվություն» է անվանել և այդ պատասխանատվության շրջանակում իրականացվող ծրագրերից առանցքայինը համարում է  «Արևածագ Արցախում» նախագիծը, որն այժմ շարունակվում է Հայաստանում․ նպատակը՝ արևային սարքերի միջոցով «ամրացնել» սահմանը։

«Մեր ընկերությունների խմբի համար ազգային արժեքների և ավանդույթների պահպանությունը, որը բխում է մեր որդեգրած կորպորատիվ ազգային պատասխանատվությունից, առանցքային առաքելություն է։ Այդ առաքելությունն արտահայտվում է մեր գործունեության ամեն հանգրվանում՝ բիզնես նախաձեռնություններից մինչև հանրության հետ հաղորդակցություն։ Այս տարի, օրինակ, հայտարարել ենք արցախյան արևագորգերի տարի։ Արևագորգը՝ կտավի տեսքով, նախշերը՝ տարբեր արտահայտչամիջոցներով, տեղ են գտել մեր կորպորատիվ նվերներում, արտասահմանյան այցերի խոսույթում, սոցիալական հարթակների գրառումներում։ Պատմական արդարության վերականգնումը ենթադրում է համառ ու հետևողական պայքար, որը պետք է մղել նաև մշակույթով»,- ասում է Shtigen Group-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանը։

Հայերն Արևմտյան Հայաստանում՝ հատկապես Կիլիկիայում, մշակութային ծանրակշիռ հետք են թողել, իսկ ձեռագործ արվեստում ստեղծել են ասեղնակարեր, որոնք կոչել են այն քաղաքների անուններով, որտեղ առավել տարածված են եղել, օրինակ՝ «Վանի կար», «Այնթապի կար», «Մարաշի կար», «Ուրֆայի կար» և այլն։ Տարագիր կյանքի ճանապարհին ասեղնագործության վարպետներն ամեն ինչ արել են՝ հայկական մշակույթը, արվեստի գաղտնիքները փոխանցելու սերունդներին։

Հայկական ասեղնագործության մեջ առանձնանում է յուրահատուկ մի կարատեսակ՝ «Մարաշի կարը», որի հայրենիքը եղել է Կիլիկիայի Մարաշ քաղաքը: Ձեռագործ արվեստի այս բարդ ու յուրօրինակ տեսակն անհնար է կրկնօրինակել միայն դիտելով, այն սովորել է պետք՝ համբերատար, սիրով ու գիտակցումով, որ հայկական մշակույթի թելերն, այսպիսով, հյուսում ու փոխանցում ենք հաջորդ սերունդներին։

Մարաշի կարատեսակի թելերն այսօր ձգվում են ամբողջ աշխարհում։ Դրանցից մեկն էլ մեզ տարավ Հալեպ, որտեղ ծնվել է հայտնի կարատեսակի վարպետ Մարգարիտ Սարիմանուկյանը։ Ասեղնագործել սովորել է 15 տարեկանից Ցեղասպանության ժամանակ Մարաշից Հալեպ գաղթած տատիկից՝ Վերժինեից։

Մարաշցի յուրաքանչյուր ընտանիք ամուսնության ժամանակ իր աղջկան Մարաշի ասեղնագործ սփռոց ու ծածկոց էր նվիրում։ Մարգարիտն էլ սփռոց, ծածկոց, բարձի երես էր ասեղնագործում իր և հարազատների համար։ Նրա գործերն այնքան կոկիկ ու անսխալ էին, որ մարդիկ սկսեցին հետաքրքրվել, ապա հորդորել, որ նաև վաճառի։ Արվեստը նաև ապրուստի միջոցի վերածվեց։

Մարգարիտի ձեռագործներից մի քանի կտոր հասել է դստերը, թոռանը, մի մասն էլ նվիրաբերվել է Երևանի ժողովրդական արվեստների թանգարանին։

Մարաշակարի հայտնի վարպետ Վերժինեից ճառագող սերունդներից է Էլիզաբեթ Սեփեթճյանը, որը Shtigen-ի առաջարկով հիշեց նախատատիկի ու մայրիկի՝ Մարգարիտի՝ սերնդեսերունդ փոխանցված արվեստը։ «Մայրս ցանկանում էր Սիրիայից Հայաստան տեղափոխվել և բոլոր իրերը՝ առաջին հերթին ձեռագործ աշխատանքները, հավաքել էր, սակայն, ցավոք, չկարողացավ հասնել հայրենիք․ ծանր փորձություններին սիրտը չդիմացավ։ Իսկ երբ արդեն ես Լիբանանից տեղափոխվեցի Հայաստան, մորս իրերի մեջ գտա իր ձեռքի աշխատանքները։ Ուզում էի՝ այդ գործերն իրենց արժանի տեղում լինեին․ նվիրեցի թանգարանին՝ մտածելով, որ այն ոչ թե ընտանեկան, այլ ազգային հարստություն է»,-պատմում է Էլիզաբեթը։

Ցեղասպանությունը վերապրածների ժառանգը Սիրիայում, Լիբանանում, ապա Իտալիայում ապրելուց ու աշխատելուց հետո որոշել է, որ հայրենիքում է տուն ու կյանք կառուցելու։ Ասում է՝ Հայաստանը հայով է ուժեղ, իսկ հայը՝ նաև մշակույթով։ Ամեն ինչ անելու է, որպեսզի մոր թողած արևմտահայկական ժառանգությունը պատմի իր նախնիների բնօրրանի, անցած ճանապարհի ու մշակութային հետքի մասին։

Shtigen ընկերությունը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։ Աստիճանաբար զարգանալով և ընդլայնվելով՝ ընկերությունը վերածվել է ընկերությունների խմբի։ Shtigen Group-ի կազմում այսօր գործունեություն են ծավալում Shtigen Energy Systems (վերականգնվող էներգետիկա), ENEREX (էլեկտրաէներգիայի ազատականացված շուկա), Andron (100 % էլեկտրական մեքենաներ, NETA բրենդի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, էլ․մոբիլների սպասարկման կենտրոն), ինչպես նաև Shtigen Ventures-ը, Shtigen Innovation-ը և Shtigen Advisory-ն։ Shtigen Group-ը ՀՀ արևային էներգետիկայի շուկայի առաջատարներից է, ՀՀ առաջին 400 խոշոր հարկ վճարողներից։