12 Հլս
2024
32° c ԵՐԵՎԱՆ
26.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցում տեղի ունեցած միջադեպերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ

Կիրանցում տեղի ունեցած միջադեպերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ:

Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ:

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը:

Հավելենք, որ ՄԻՊ աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը, աշխատում է արտակարգ ռեժիմով», – գրել է Մանասյանը։