ABCMEDIA
Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելով՝ տնտեսապես խիստ խոցելի ենք դառնալու․ տնտեսագետ

Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելով՝ տնտեսապես խիստ խոցելի ենք դառնալու․ տնտեսագետ

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր խնդիր է դարձել անվտանգության ապահովումը, որը ուղիղ ազդեցություն է գործում տնտեսական կյանքի վրա․ ABC media-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը, որը ևս միացել է կիրանցիների պայքարին։

«Երբ չկա անվտանգային միջավայր ու համատարած անորոշություն է տիրում, գործարարները չեն համարձակվում ներդրումներ կատարել, բիզնես-ծրագրեր իրականացնել, թուլանում է օտարերկրյա ներդրողների հոսքը տվյալ երկիր, այս դեպքում՝ Հայաստան։ Հիմա մարդիկ կարող են ասել՝ ինչպես ստացվեց, որ վերջին 2 տարում ՀՆԱ-ի աճ է գրացվել․ դա պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական պատերազմով։ Բացի այդ՝ Հայաստանը դարձել է սանկցիաներից խուսափելու գոտի։ Այս ամենի հաշվին է տնտեսական ակտիվություն նկատվում»,- ասել է տնտեսագետը։

Ավետիսյանի խոսքով՝ Կառավարության ստեղծած պայմանների հետևանքով՝ Հանրապետությունում տնտեսական կայուն վիճակ չկա։

Տնտեսագետն անդրադարձել է տնտեսական մի շարք խնդիրների, որոնք կառաջանան Տավուշի մարզի գյուղերը թշնամուն հանձնելու դեպքում։

«Այս գյուղերը հանձնելու դեպքում թշնամու տիրապետության տակ կհայտնվեն Հայաստանը սնուցող գլխավոր գազատարներից մեկը, միջպետական ճանապարհից հատված։ Չնայած գործող իշխանությունը այլընտրանքային ճանապարհ կառուցելու խոստումներ է տալիս, միևնույնն է, այդ ճանապարհներն ուղիղ նշանառության ու վերահսկողության տակ են լինելու։ Այս տարածքների զիջումը մեզ շատ խոցելի է դարձնելու առաջին հերթին ենթակառուցվածքների՝ թշնամուն անցնելու պատճառով»,- ընդգծել է Հովհաննես Ավետիսյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի «ուրախացեք՝ 50 մետր այն կողմ Ադրբեջան է» հայտարարությունից՝ Ավետիսյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը մեր թշնամի պետություն է, որի մասին ոչ թե հայերն են հայտարարում, այլ հենց ադրբեջանիցիները՝ պետական ամենաբարձր մակարդակով։

«Նրանց քաղաքականության հիմքում հայերի դեմ ատելությունն ու թշնամությունն է դրված, որովհետև դասագրքերով, լրատվական նյութերով անընդհատ քարոզում են՝ հայը քո թշնամին է։ Դրան զուգահեռ գիտենք, որ Ադրբեջանը դիկտատուրային պետություն է ու պետական բյուջեն մսխում է Ալիևի ընտանիքի և հարազատների համար։ Որպեսզի բնակիչները չբողոքեն աղքատ ու անբարենսպաստ ապրելու համար, որպեսզի իրենց ներքին խնդիրները գլուխ չբարձրացնեն, Ալիևը Հայաստանը դարձրել է ներքին խնդիրներից շեղելու աղբյուրը»։

Տնտեսագետը կարծում է՝ երբ Ալիևը հայտարարի, որ Հայաստանի հետ լուծվել են բոլոր խնդիրները, այդ օրից կփլուզվի իր իշխանությունը։ Ադրբեջանի հետ պարտված լինելով չես կարող խաղաղության գնալ՝ սա պետք է հստակ իմանալ՝ եզրափակել է Հովհաննես Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին վարչապետի աշխատակազմից հայտարարել են, որ Տավուշի մարզում սահմանազատում իրականացնելու գործընթացի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս հայտարարությունից հետո հանրապետությունում սկսվեց հաջակցություն Տավուշի ակցիաները, որի սկիզբը տրվեց Ոսկեպար, Կիրանց գյուղերում։