Արցախի նախագահ Շահրամանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի
Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու
մասին հրապարակումներին` տեղեկացնելով, որ նախագահ Սամվել Շահրամանյանն այս հարցով
դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:
«Սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում
են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ
կատարելու մասին հրապարակումներ: Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված
են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր
անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում, նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով
դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները
ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության
առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է Տեղեկատվական շտաբի հայտարարության
մեջ։