«Կարմիրբերետավորների» գործողությունների հետևանքով քաղաքացու ոտքն է կոտրվել
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյան։ Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։
«Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ բացահայտ հովանավորչությունը կատարվել է քաղաքական պատճառներով։
Հետևաբար իրավունք ունենք չվստահել Կարեն Գևորգյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստը պատշաճ քննելու՝ իրավապահների ունակությանը։ Այնուհանդերձ, պահանջում ենք պատշաճ քննություն՝ թափանցիկության սկզբունքի լիարժեք ապահովմամբ»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։