26 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք ամեն դեպքում հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը․ Ավինյանը՝ «Աջափնյակ» մետրոկայարանի մասին

Մենք ամեն դեպքում հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը․ Ավինյանը՝ «Աջափնյակ» մետրոկայարանի մասին

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են «Աջափնյակ» մետրոկայարանի կառուցման համար, և այդ որոշումը մենք ակնկալում ենք, որ երևի թե մի ամսվա մեջ կընդունենք․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը։

«Եկեք ֆիքսենք, որ մեկ ամիս ժամանակ ունենք այդ որոշումը կայացնելու համար, այսինքն՝ առաջ տանելու, որպեսզի Կառավարությունն այդ որոշումը կայացնի»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է շինարարությանը․ «Մենք ամեն դեպքում հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը, կլինի այս գործընկերոջ հետ, կլինի մյուս գործընկերոջ հետ, արդեն ինձ, անկեղծ ասած, այդքան էլ գործընկերը չի հետաքրքրում, որքան բուն իրականացումը, իմ աչքերով տեսնելը, որովհետև իրապես մենք շատ-շատ երկար ենք խոսել արդեն այս թեմայի մասին։ Հասկանում եմ, որ մետրո կառուցելու գիտելիքը և կարողությունը մենք կորցրել ենք, բայց այստեղ գալիս է երկրորդ ամենակարևոր պայմանը՝ դա պետք է իրականացնի հայկական ընկերություն»։

Ըստ նրա՝ կոնսորցիումով կլինի, թե ինչպես, «այդ գիտելիքն այլևս այստեղից չպետք է հեռանա»։

«Դա պետք է լինի հայկական ընկերություն, որովհետև այդ մի կայարանով չենք ուզում սահմանափակվել, ուզում ենք ունենալ մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչպես մետրոպոլիտեն կառուցել, և ուզում ենք այդ կարողությունն այստեղ զարգանա։ Եվ դա չի լինելու այսպես՝ այդ միջազգային ընկերությունը եկավ, կառուցեց, գնաց։ Դա լինելու է հայկական ընկերություն, որն ունենալու է հայ մասնագետներ, որոնք խորապես թեմայի մեջ խորանալու են, և այս պրոցեսում իրենք անկյունաքարային դեր են ունենալու»,– ասաց Տիգրան Ավինյանը։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ