
Ադրբեջանը կկապվի Նախիջևանի հետ, երկաթուղին էլ Ադրբեջանի տարածքով Երասխն ու Մեղրին կկապի․Արարատ Միրզոյանը ներկայացրել է TRIPP-ը
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստան-ԱՄՆ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։
Նա վստահեցրել է, թե TRIPP-ում չկա մի հարց, որը ՀՀ-ին կշրջանցի։ Միրզոյանը ասել է, թե հնարավորություն կունենանք երկաթուղու միջոցով Երասխը Ադրբեջանով կապել Մեղրիին։
«Ամեն ինչի վրա տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը։ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա կապվել երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանի ենթակառուցվածքներով, արևելքում կդառնա կարևոր հանգույց։ Իհարկե, զուգահեռաբար մեր հարևան Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանի հետ և նաև Հայաստանի տարածքով, ցանկության դեպքում, արդեն կապվել երրորդ երկրների հետ։ Երրորդ երկրները արևելքում և արևմուտքում կկարողանան կապվել այս նախագծով իրար հետ, և ըստ այդմ Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն ինքը կապաշրջափակվի, այլև հանգույց կդառնա արևելք-արևմուտք հաղորդակցության մեջ, գիտեք ողջ աշխարհը այսօր նոր լոգիստիկ ուղիների փնտրտուքի մեջ է»,-ասել է Արարատ Միրզոյանը։
Նախարարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պարտավորվում է ամբողջությամբ ղեկավարել TRIPP հիմնադրամ-ընկերությունը, ուստի իրենք հիմքեր ունեն վստահ լինելու, որ ամեն բան արվում է ՀՀ շահերի համար։


