Ձայնագրության մեջ լսվողը Հրաչ Ղևոնդյանի ձայնը չէ, մեղադրանքը հորինված է. պաշտպաններ
Հրաչ Ղևոնդյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՔԿ-ի հրապարակած տեսանյութին:
«Քննչական կոմիտեն հրապարակեց նախաքննական գաղտնիք կազմող տեսանյութը Հրաչ Ղևոնդյանի մասնակցությամբ: Պաշտպանական կողմը հարկ է համարում նշել, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Հ. Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը «Ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է»,-ասել են պաշտպանները:
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին՝ Հրաչ Ղևոնդյանը: Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ նրան իշխանությունը զավթելու փորձի համար են մեղադրել: Որպես ասվածի ապացույց հրապարակվել է ձայնագրություն, որում Հրաչ Ղևոնդյանը խոսում է մայիսի 26֊ին կառավարական շենքեր գրավելու անհրաժեշտության մասին: