Ուլտրաուղղափառ հրեաները՝ ընդդեմ զինվորական զորակոչի
Հազարավոր ուլտրաուղղափառ հրեա տղամարդիկ կիրակի գիշերը դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ՝ ընդդեմ Իսրայելի Գերագույն դատարանի՝ պարտադիր զինվորական զորակոչի մասին որոշման։
«Մենք հայտարարում ենք՝ կմեռնենք, բայց չենք զորակոչվի», – գրված է պաստառներից մեկի վրա։
Ըստ Գերագույն դատարանի նախորդ շաբաթ կայացրած վճռի՝ ուլտրաուղղափառ համայնքի ներկայացուցիչներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու իրավական հիմք չկա։
Դատարանի այս որոշումը բարձրացնում է խաղադրույքները երկու ուլտրաուղղափառ քաղաքական կուսակցությունների համար, որոնց վրա հիմնված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդարանական կոալիցիան: Զինվորական ծառայությունից բացառություններ սահմանելը նրանց հիմնական քաղաքական նպատակներից մեկն է: Առանց դրա, ըստ իրենց կրոնական առաջնորդների, իրենք կառավարությունում լինելու պատճառ չունեն։