Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շախմատի հավաքական թիմը դարձել է Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Թիմի մարզիչը դոցենտ Երվանդ Հակոբյանն է։
EUG շախմատի առաջնությունն անցկացվել է հուլիսի 10-13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում։ Շախմատի մրցաշարին 17 երկրների ուսանողական թիմեր են մասնակցել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները Եվրոպական համալսարանական խաղերում պայքարը սկսելու են հուլիսի 18-ից հետո:
Խաղերին մասնակցում են ՀՖԿՍՊԻ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս և թաեքվոնդո մարզաձևերում։