Հնդկաստանում կինը ջրվեժի մոտ լուսանկարվելիս ընկել է կիրճը. հայտնում է The Independent-ը։
Նրանց տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մահարաշտրա նահանգ ժամանած մի խումբ ընկերներ որոշել են այցելել Թեսգար ջրվեժ։ Անձրևների պատճառով փակվել է դեպի այն անցումը, որից հետո ընկերությունը որոշել է բարձրանալ՝ շրջանցելով հիմնական երթուղին։
Մի պահ 29-ամյա կինը կանգնել է կիրճի եզրին, որպեսզի լուսանկարվի ջրվեժի ֆոնին։ Լուսանկարվելիս նա սայթաքել է և մոտ 30 մետր բարձրությամբ ժայռից ընկել ձորը։
Տուժածի ընկերներն անմիջապես կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ Ժամանել են շտապօգնության ծառայությունները և տարհանել կնոջը և տեղափոխել բուժհաստատություն։ Հաղորդվում է, որ նա ունի բազմաթիվ վնասվածքներ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։