12 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողը սկանդալային հայտարարություններ է արել

Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողը սկանդալային հայտարարություններ է արել

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանն այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, թե իրեն սպառնացել են, ստիպել են խոստովանել, թե ինքն է սպանել Վալոդյա Գրիգորյանին։

Նա պնդել է, որ սպանության հետ կապ չունի։ Գևորգ Հարությունյանի խոսքով՝ Էջմիածնի ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ներկա են եղել բարձրաստիճան ոստիկաններ։  

«Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում՝ այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս գան սենյակից: Մոտեցավ, ասաց՝ «արի նստենք, խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ», ես էլ ասացի, որ կապ չունեմ, ի՞նչ պետք է ասեմ: Ասաց՝ «եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել»»,- նշել է Գևորգ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ծանր վիճակում է հայտնվել, չէր ուզում վտանգել ընտանիքին, և իր վրա է վերցրել Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեղադրանքը։

Նիստից հետո «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով մեղադրյալի սկանդալային հայտարարություններին, ասել է, թե տպավորություն է, թե լավ պարապած ելույթ էր ունենում սպանության համար մեղադրվողը։

«Նրան պատրաստել էին, թե տարաբնույթ հարցերին ինչպես պիտի պատասխանի, և ուղղորդված սցենարով, ըստ որի՝ ինքը պիտի խուսափի պատժից։ Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց ոստիկանական համակարգում աշխատող երկու բարձրաստիճան անձանց վերաբերյալ՝ Վարդան Վարդանյանի և Արամ Հովհաննիսյանի։ Այդ երկու անձինք ազատվել են աշխատանքից, հետո վերականգնվել, տարբեր պաշտոններ են զբաղեցրել։ Փաստ է, որ այսօր Գևորգ Հարությունյանը մեղադրեց Վարդան Վարդանյանին ապացույցները կեղծելու, իրեն ահաբեկելու, վախեցնելու համար»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Վալոդյա Գրիգորյանի համակուսակիցը ենթադրում է, որ մեղադրյալին ուղղորդել են իր վրա վերցնել մեղքը, ինչը ևս հանցագործություն է։ Բայց այդպիսով մեղադրվողը խոչընդոտել է իրական հանցագործին գտնելու գործընթացին։

Հիշեցնենք՝ 2025-ի սեպտեմբերի 23-ին տան բակում սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ