16 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում շարունակում են քննադատել TRIPP-ը՝ չնայած Հայաստանի տված հավաստիացումներին

Իրանում շարունակում են քննադատել TRIPP-ը՝ չնայած Հայաստանի տված հավաստիացումներին

Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի երթուղու» հաստատումը մտահոգություն է առաջացրել Թեհրանում։ Պաշտոնյաներն ու պետական լրատվամիջոցները զգուշացնում են, որ դա կհանգեցնի սահմանի մոտ ամերիկյան ներկայության․ գրում է Iran International-ը։

Հայաստանի խորհրդարանը համաձայնագիրը վավերացրել է հոկտեմբերի 28-ին։ Դրանից հետո Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականներից մեկը սպառնացել է Երևանին, իսկ պետական լրատվամիջոցները կոչ են արել Թեհրանին կասեցնել նախագիծը։

Ադրբեջանը վաղուց էր այս երթուղին անվանում «Զանգեզուրի միջանցք», իսկ Թեհրանը տարիներ շարունակ դեմ էր արտահայտվում դրան՝ զգուշացնելով, որ այն կարող է Իրանը կտրել Հայաստանից։

Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ երթուղին չի փոխի միջազգային սահմանները կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորվածությունը, և որ այնտեղ չեն տեղակայվի ԱՄՆ ռազմական ուժեր։

Չնայած Հայաստանի տված հավաստիացումներին՝ կոշտ դիրքորոշում ունեցող լրատվամիջոցները շարունակում են իրենց քննադատությունը։

Նոյեմբերի 9-ին Jam-e Jam թերթը՝ պետական հեռարձակողի հրատարակությունը, հրապարակել է մի հոդված՝ «Երևանի խաղադրույքը՝ Թրամփի քարտով» վերնագրով։

«Իրանի ազգային անվտանգության դոկտրինի տեսանկյունից՝ Սյունիքի մարզում ԱՄՆ-ի վերահսկողության ներքո գտնվող տնտեսական և վարչական կառույցի ստեղծումն անընդունելի է, նույնիսկ եթե սկզբնական շրջանում այն ներկայացվում է որպես տարանցիկ և առևտրային նախագիծ»,- գրում է թերթը։

Jam-e Jam-ը նշում է, որ անվտանգային սպառնալիքները պարտադիր չէ, որ սկսվեն ռազմակայանների տեղակայմամբ։

Թշնամական ուժերի հետ կապված ռազմավարական ենթակառուցվածքներն ու ցանցերը կարող են հիմք ստեղծել երկարաժամկետ ազդեցության համար։

Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Մեհդի Սեյֆ-Թաբրիզին նոյեմբերի 7-ին Farhikhtegan թերթում նմանատիպ մտքեր է արտահայտել։

«Թեհրանի մտահոգությունը, ըստ էության, չի սահմանափակվում միայն ԱՄՆ ռազմական ուժերի հնարավոր տեղակայմամբ։ Խնդիրն Իրանի սահմանների մերձակայքում ազդեցության մշտական ենթակառուցվածքների ձևավորումն է, որոնք ճգնաժամային իրավիճակներում կարող են ծառայել նպատակների, որոնք դուրս են գալիս սկզբնական տնտեսական նպատակների շրջանակից»,- գրել է նա։

Նա հավելել է, որ Իրանի մտահոգություններն ավելի են խորացել Միացյալ Նահանգների հետ պատերազմից ի վեր։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ