
Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը: Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական ճակատում հրադադար կլինի այն պահից, երբ Ուկրաինան դուրս բերի զորքը ռուսական տարածքներից․ գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Զելենսկին պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերին՝ դադարեցնել կրակը և լքել Դոնբասի տարածքը, լքել ռուսական տարածքը: Այդ ժամանակ կլինի հրադադար, և կողմերը հանգիստ կարող են զբաղվել բանակցություններով»․ հայտնել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
Սա առնվազն բազմիմաստ հայտարարություն է, որովհետև հարց է առաջանում՝ ռուսական տարածք ասելով՝ Պեսկովը նկատի ունի միայն Դոնբա՞սը, թե՞ նաև Խերսոնի և Զապորոժիեյի շրջանները, որոնք ՌԴ-ն ևս արձանագրել է որպես իր տարածք, բայց որոնց տարածքի մի մասը չի վերցրել վերահսկողության տակ: Հարցն այն է, որ Մոսկվան մինչև այս, կարծես թե, բավականին միարժեք խոսում էր այն մասին, որ հրադադարի համար Կիևը պետք է դուրս գա Դոնբասից: Եթե Մոսկվան շարունակում է դա համարել բավարար, ապա դիրքորոշումն անփոփոխ է: Բայց եթե ռուսական տարածք ասելով՝ նկատի ունեն ոչ միայն Դոնբասը, ապա դա կարող է նշանակել, որ Կրեմլը կոշտացնում է դիրքորոշումը:
Իսկ դա այդպես լինելու պարագայում՝ արդեն ուշագրավ կլինի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Թրամփը բարդ վիճակում է Իրանի հարցում, այդ բարդությամբ մեկնում է բանակցության Պեկին: Ընդ որում, Թրամփը Պեկին մեկնելուց առաջ հայտարարում է, որ կարող է մինչև տարեվերջ այցելել Ռուսաստան: Այս հայտարարությունը կարող է արվել Ցզինպինի հանդեպ որոշակի հոգեբանական ազդեցության համար: Եթե այդ պարագայում Մոսկվան էլ իր հերթին անում է կոշտ հայտարարություն կամ ուկրաինական հարցում դիրքորոշում կոշտացնելու ակնարկ, ապա դա մի կողմից կարող է դիտվել աջակցություն Պեկինին, իսկ մյուս կողմից՝ նաև ակնարկ այն մասին, որ չի ընդունի Կիևի հարցում Վաշինգտոն-Պեկին որևէ պայմանավորվածություն:
Իսկ այդպիսի փորձ Թրամփը կարող է անել այն ակնկալիքով, որ Չինաստանը, լինելով տնտեսական շատ կարևոր գործընկեր Ռուսաստանի համար (ըստ էության՝ տնտեսական թիկունք), կօգտագործի այդ ազդեցությունը Մոսկվային ուկրաինական հարցում համաձայնությունների մղելու համար»,- ներկայացնում է քաղաքագետը։


