
Թրամփը Փաշինյանին իր «լիակատար և անվերապահ» աջակցությունն է հայտնել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
«Մեծ բարեկամ և առաջնորդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման վերաբերյալ իմ տեսլականը», – գրել է Թրամփը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցին՝ Թրամփը նշել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք կարևոր համաձայնագրերի վերաբերյալ։
«Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կմեկնարկեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան հրաշալի էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։ Այս իսկ պատճառով՝ Նիկոլին հայտնում եմ իմ լիակատար և անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում։ Նիկոլի աջակցությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք աննախադեպ բարձունքների», – գրել է Թրամփը՝ իր «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» կարգախոսի փոխարեն խոսքն ավարտելով «Հայաստանը կրկին հզոր դարձնենք» տողով։


