
Թեհրանը պատրաստ է 2 օրում բացել Հորմուզի նեղուցը, եթե Վաշինգտոնն անսա իր պայմաններին․ NYT
Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն կատարի Թեհրանի մի շարք պահանջներ։ Ըստ The New York Times-ի՝ այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Եթե Իրանի օրինական պահանջներն ընդունվեն և կատարվեն, հնարավոր կլինի երկու օրվա ընթացքում իրականացնել նեղուցը բացելու ամբողջ ծրագիրը, վերականգնել անվտանգությունը Հորմուզի նեղուցում և գործարկել բանակցային գործընթացը»,- լրագրողներին ասել է Բաղային՝ նշելով, որ ծրագրի իրականացումն ամբողջությամբ կախված է Վաշինգտոնի գործողություններից։
Թեհրանի պահանջների թվում են ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, իրանական ակտիվների ապասառեցումը և իրանական նավահանգիստների ծովային շրջափակման դադարեցումը։ Բացի այդ, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի նեղուցով անցման հետագա կառավարման վերաբերյալ Օմանի և Իրանի միջև համաձայնագիրը։
Կատարի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Միջնորդները փորձում են համաձայնեցնել փուլային գործարք․ նախ՝ ապահովել Հորմուզի նեղուցի բացումն ու հանել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, այնուհետև անցնել ավելի լայն խաղաղության համաձայնագրի քննարկմանը, ներառյալ՝ Թեհրանի միջուկային ծրագիրը։
Միևնույն ժամանակ, NYT-ի փոխանցմամբ, ամերիկացի և իսրայելցի ռազմական պաշտոնյաները մշակում են Իրանին նոր հարվածներ հասցնելու ծրագրեր․ դրանք կարող են իրականացվել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո։ Իրանական իշխանությունները զգուշացրել են, որ նոր հարձակման դեպքում թիրախավորելու են ամերիկա-իսրայելական էլ ավելի մեծ թվով օբյեկտներ։


