
Ալիևն ու Բայրամովն Իտալիայի փոխվարչապետի հետ քննարկել են TRIPP-ը և հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանիին, ում հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները քաղաքական, առևտրային, տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում:
Տայանին հաստատել է Հռոմի պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և TRIPP նախագիծը։
Իտալացի պաշտոնյայի հետ հանդիպել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։


