
Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Արփինե Հովհաննիսյան
Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Սահմանադրության տեքստին ու դրա բոլոր դետալներին իրավական անդրադարձ կատարելու եմ տարբեր ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կիրազեկեմ: Հիմա ուզում եմ արձանագրել ընդամենը մեկ բան. եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա։
Առաջին՝ քարոզչական․ Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն», որի ընդունումը կապվելու է խաղաղության հաստատման, պետականության հարատևության և երկրի ապագայի հետ։
Երկրորդ՝ ընտրական և վարչական։ Ընտրական ցուցակների այսպես կոչված մաքրում, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումներ և այլ մեխանիզմներ, որոնք կարող են ազդել հանրաքվեին մասնակցության ցուցանիշների և անհրաժեշտ ձայների շեմի ապահովման վրա։
Երրորդ՝ քաղաքական։ Ընդդիմության վերջնական ապալեգիտիմացում, շարունակական թիրախավորում, ֆինանսավորման աղբյուրներից զրկում և քաղաքական մրցակցության հնարավորությունների առավելագույն սահմանափակում»,- նշել է Հովհաննիսյանը։


