21 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
3+3-ի վերադարձը․ ինչ է ուզում Ռուսաստանը և ինչ է նշանակում դա Հայաստանի համար

3+3-ի վերադարձը․ ինչ է ուզում Ռուսաստանը և ինչ է նշանակում դա Հայաստանի համար

Ռուսաստանը կրկին ակտիվացրել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի օրակարգը։ Մոսկվան հայտարարել է, որ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությանը՝ հաջորդ նախարարական հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ։ 3+3 ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցել աշխատանքներին։ Վերջին նախարարական հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Թուրքիայում, սակայն դրանից հետո ձևաչափը երկրորդ պլան էր մղվել՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և այլ միջազգային բանակցությունների ֆոնին։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի ակտիվացումը կապված է Կովկասում հնարավոր նոր ռիսկերը կառավարելու ցանկության հետ։

«Ռուսաստանը փորձում է առաջիկա հնարավոր զարգացումներին ընդառաջ որոշակիորեն ապահովագրվել Կովկասում մարտահրավերների նոր ալիք ունենալու վտանգից։ Այս ֆոնին Մոսկվան ձգտում է Կովկասում քննարկումների միջոցով բարձրացնել իր համար ռիսկերի կառավարելիության աստիճանը»,- ասել է Բադալյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգը։

«Մարտահրավեր կարող է լինել, եթե այդ պրոցեսին Ռուսաստանը լինի առհասարակ անմասն։ Խնդիր կարող է լինել, եթե Ռուսաստանը լայն իմաստով դուրս մնա այդ պրոցեսից»,- նշել է վերլուծաբանը։

Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ Մոսկվան փորձում է 3+3-ի միջոցով պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

«Ռուսաստանը փորձում է այս ձևաչափի միջոցով մասնակցություն ունենալ տարածաշրջանային տարբեր նախագծերում և ակտիվացնել իր դերն ու ազդեցությունը տարածաշրջանում»,- նշել է Պողոսյանը։

Անդրադառնալով Հայաստանի հնարավորություններին՝ Պողոսյանը նշել է, որ հիմնական հարցը Երևանի՝ սեփական շահերը ձևակերպելու և պաշտպանելու կարողությունն է։

«Այս ձևաչափը Հայաստանին կարող է որոշակիորեն կտրել իր առավել գլոբալ արտաքին քաղաքական միջավայրից և բերել ռեգիոնալ քաղաքական միջավայր։ Այս պահին այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունի»,- ասել է նա։

Փորձագետների գնահատմամբ՝ 3+3-ը դեռևս չի դարձել գործող բանակցային մեխանիզմ, սակայն դրա ակտիվացումը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ տարբեր ուժային կենտրոնների շահերի բախման գոտի։

Նանե Հայրապետյան

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026