Մակրոնը Նեթանյահուին հիշեցրել է, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հիշեցրել է, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ։ Նրա խոսքերը մեջբերում է Parisien-ը։
Մեկնաբանությունն արվել է նախարարների խորհրդի փակ նիստում, այն բանից հետո, երբ Իսրայելի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ։
Մակրոնը հիշեցրել է, որ Իսրայելն ի հայտ է եկել 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։
«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, և, հետևաբար, նա չպետք է խախտի ՄԱԿ-ի հրամանագրերը», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան Իսրայելից պահանջում է հնարավորինս արագ ավարտել ռազմական գործողությունները։ Նա նաև հանձնարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին խորհրդակցություններ անցկացնել Մերձավոր Արևելքում՝ Լիբանանում և Գազայում լարվածության թուլացման վերաբերյալ: