ԵԽ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները։
Փաստաթղթի նախաբանում նշվել է, որ 2023 թվականից ի վեր Ադրբեջանի իշխանությունները զբաղված են քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության, իրավապաշտպանների, անկախ ԶԼՄ-ների համակարգային ճնշմամբ, որն ակտիվացել է COP29-ի համատեքստում։ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ և 23 հայ ռազմագերի։
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտել է ադրբեջանական ռեժիմի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները՝ ներառյալ խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատությունը, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգի քաղաքական դրդապատճառներով չարաշահումը։ Ադրբեջանի իշխանություններին հորդորել են անհապաղ դադարեցնել բռնաճնշումները բոլոր այլախոհ խմբերի դեմ և անվերապահորեն ազատ արձակել և հանել բոլոր մեղադրանքները իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքական և այլ ակտիվիստների դեմ, ովքեր հետապնդվում են շինծու, քաղաքական դրդապատճառներով։
ԵԽ բանձևում կոչ է արվել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ։ Բանաձևի հեղինակները պնդել են, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության ցանկացած համաձայնագիր, ներառյալ էներգետիկ ոլորտում, պետք է խստորեն պայմանավորված լինի հիմնարար իրավունքների հարգմամբ և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ։ Բանձևը կոչ է անում հանձնաժողովին կասեցնել 2022 թվականի՝ Ռազմավարական էներգետիկ գործընկերության փոխըմբռնման հուշագիրը: