
ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է «նայեն դեպի ապագա»․ Ալիև
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ համաժողովի բացման արարողության ժամանակ։
Ըստ Ալիևի՝ փաստացի Ադրբեջանն է այն փաստաթղթի հեղինակը, որը պետք է հարավկովկասյան տարածաշրջանը տանի դեպի խաղաղություն։
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է շրջել պատմության այս էջը, և կողմերը պետք է «նայեն դեպի ապագա»։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի վերջին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նիստ կանցկացնեն, որից հետո գործընթացը կսկսեն սահմանի հյուսիսային հատվածից։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ինտենսիվ հանդիպումներ անցկացնել այս հարցի շուրջ, մասնավորապես, դրանցից մեկը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի մշակմանը, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն, երկարաժամկետ կարգավորում, այլ ոչ թե «ական» կդնի ապագա սերունդների համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է օգնել երկրներին առաջ շարժվել։