
Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել, եթե էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների կամ գազի անջատման հետևանքով վնասվել է տեխնիկան. ընթացակարգ
Հաճախ կարելի է հանդիպել դեպքերի, երբ էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների պատճառով վնասվում կամ շարքից դուրս է գալիս քաղաքացուն պատկանող կենցաղային տեխնիկան։ Նման իրավիճակներում ի՞նչ կարող է անել քաղաքացին, ի՞նչ իրավունքներ ունի նա, ի՞նչ պայմաններում և ու՞մ կարող է դիմել վնասի փոխհատուցման համար։
Փաստաբան Տիգրան Գրիգորյանն իր հեղինակային «Օրենաչափ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում խոսել է նման խնդիրների մասին:
Նա նշել է, որ պատճառված վնասի՝ գույքի կորուստ կամ վնասվածք, ամբողջական հատուցման հարցը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
«Համաձայն օրենքի՝ էներգամատակարարող կազմակերպության մատուցած էներգիայի որակը պետք է համապատասխանի պետական ստանդարտներով և այլ պարտադիր կանոններով սահմանված կամ էներգամատակարարման պայմանագրով նախատեսված պահանջներին: Նույնը վերաբերում է նաև ջրամատակարարմանը և գազամատակարարմանը։ Սպառողներն էլ իրենց հերթին պարտավոր են ապահովել շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակն ու անվտանգությունը, պահպանել էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմը, նաև էներգամատակարարող կազմակերպությանն անհապաղ տեղեկացնել վթարների, հրդեհների, էներգիայի հաշվիչ սարքերի անսարքությունների և էներգիան օգտագործելու ժամանակ առաջացած այլ խախտումների մասին»,-ասել է փաստաբանը:
Իսկ ի՞նչ պետք է անել, եթե ստանդարտներին չհամապատասխանող էներգիայի կամ գազի մատակարարման դեպքում, վնաս է պատճառվում անձին (օրինակ՝ վնասվում է կամ շարքից դուրս է գալիս կենցաղային տեխնիկան)։
Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ նման դեպքերում անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել մատակարարին, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը կամ Գազպրոմ ընկերությանը։
«Դիմումում պետք է նշվի՝ կոնկրետ ո՞ր ժամին և ինչի՞ պատճառով է տեղի ունեցել տեխնիկայի վնասումը (օրինակ՝ որպես պատճառ կարող են նշվել հոսանքի տատանումները, անջատումը և այլն), պետք է նշվի նաև թե ինչ տեխնիկա է՝ բնութագրվի այն, վնասի չափը (կարելի է մասնագետի գնահատման հիման վրա նշել) և վնասը փոխհատուցելու պահանջ։ Պրակտիկայում հաճախ են դեպքերը, երբ մատակարարն առաջարկում է իր միջոցներով իրականացնել վնասված տեխնիկայի վերանորոգումը»,-պարզաբանել է փաստաբանը։
Այն դեպքում, երբ մատակարարը մերժում է փոխհատուցել վնասը կամ իրականացնել վնասված տեխնիկայի վերանորոգումը՝ պնդելով, որ վնասը իր մեղքով չէ, քաղաքացին կարող է դիմել դատարան։
«Սակայն դատարանում անհրաժեշտ կլինի ապացուցել, որ տեխնիկայի վնասը տեղի է ունեցել հենց տվյալ մատակարարի մեղքով (օրինակ՝ գազի կամ էներգիայի անորակ մատակարարման դեպքում)։ Անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև փորձագետի եզրակացություն վնասի չափի մասին, այսինքն՝ ինչքան գումար կպահանջվի դրա վերանորոգման համար։ Փորձագետի եզրակացության համար կարող եք դիմել օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն», կամ Հայաստանի Հանրապետության Փորձաքննությունների ազգային բյուրո, կամ էլ այլ փորձագիտական կազմակերպություն»,-ասել է փաստաբան Տիգրան Գրիգորյանը։