
Փաշինյանի ներքաղաքական մարտահրավերները խորանում են․ ընդդիմությունը մի կողմ է դնում տարաձայնությունները միավորվելու համար. Eurasianet
Վատ նախանշաններ են հասունանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապագայի համար: Նրա կառավարության ներքին և արտաքին քաղաքականության կուրսերին հակառակվող քաղաքական ուժերի տարբեր զանգվածներ նրա դեմ միավորվելու նշաններ են ցույց տալիս. գրել է Eurasianet-ը։
Ինչպես նշվել է, Փաշինյանը վերջին 18 ամիսների ընթացքում Հայաստանին շեղել է երկրի ավանդական ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից, դեպի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ ավելի սերտ ինտեգրում՝ նույնիսկ նախաձեռնելով ԵՄ-ին անդամակցելու երկարաժամկետ գործընթաց։ Վերջերս նա առաջ է քաշել մի ծրագիր, որն անվանում է «Իրական Հայաստան»՝ արմատապես վերափոխելու հայ հասարակությունը:
Ընդգծվել է, որ Փաշինյանը փորձում է առաջ տանել իր քաղաքականությունը հանրային խիստ թերահավատության պայմաններում։ Նա մինչ օրս շահել է իր քաղաքական հակառակորդների միջև տարաձայնություններից, որոնք խոչընդոտում են կառավարության դեմ համակարգված գործողություններին: Սակայն Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հուշում են, որ հակակառավարական դաշինքը միավորվելու ներուժ ունի:
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրություններում ստացել է ձայների ամենամեծ բաժինը, որը բավարար է ավագանու 14 մանդատի համար։ Բայց չորս այլ կուսակցություններ, որոնք հաղթահարել են ներկայացվածության համար ընտրական շեմը և դեմ են կառավարության քաղաքականությանն, ընդհանուր առմամբ, ստացել են 19 մանդատ: Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո չորս ընդդիմադիր կուսակցություններն ապրիլի 16-ին պայմանավորվել են քաղաքապետ ընտրել Վարդան Ղուկասյանին։ Նա գլխավորում էր Կոմունիստական կուսակցության ցուցակը և Փաշինյանի բացահայտ քննադատն է։
Ղուկասյանը ժամանակ չի կորցրել՝ հրապարակավ հայտարարելով, որ Հայաստանը Փաշինյանի օրոք գնում է սխալ ուղղությամբ։
«Արդյո՞ք ընդդիմադիր ուժերը կարող են ավելի արդյունավետ դառնալ ազգային հարթակում գործողությունները համակարգելու հարցում, պետք է պարզել: Չնայած դրան՝ 2026 թվականին նշանակված խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի վերընտրվելու ճանապարհը, կարծես թե, նեղանում է», – գրել է կայքը։