
Եկեղեցուն վերաբերվող հարցերը քննարկում են համապատասխան մարմինները. Գարեգին Բ
Հարցազրույցի համար ոչ ժամն է պատեհ, ոչ էլ տեղը։ Գերագույն խորհրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է. «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված լրագրողներին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Եկեղեցուն և եկեղեցականությանը վերաբերվող հարցերը քննարկում են համապատասխան մարմինները, ավելի ոչինչ չունեմ ասելու»,-ասել է Վեհափառը։
Դիմելով իրեն աջակցություն հայտնելու համար հավաքված մարդկանց` կաթողիկոսն ասել է. «Սիրելիներ, գիտենք, որ վարչապետի հնչեցրած արտահայտությունները վրդովեցրել են մեր զավակներին։
Գիտեմ, որ Աստծո ողորմությամբ ու վճռականությամբ, առանց ավելորդ հուզականության ու ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։
Ամուր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցի ունեցած ձեր սիրո ու հավատարմության մեջ։ Թույլ չտանք, որ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնությունը»։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հավաքն ամփոփեց Տերունական աղոթքով։