02 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրին վճարում է ազատության հանդեպ իր սիրո և Փաշինյանի տեսլականից տարբերվող ուղու պաշտպանության գինը. Московский Комсомолец

Գյումրին վճարում է ազատության հանդեպ իր սիրո և Փաշինյանի տեսլականից տարբերվող ուղու պաշտպանության գինը. Московский Комсомолец

Հայաստանում քաղաքական դաշտի «մաքրագործումն» ընթանում է ըստ ծրագրի։ Երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է երկու ամսով։ Գյումրու վարչակազմի մի քանի պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են։ Այսպիսով՝  Գյումրին, որն ապրիլին ընտրել է իր ընդդիմադիր առաջնորդին՝ փաշինյանական թեկնածուի փոխարեն, վճարում է ազատության հանդեպ իր սիրո և ՀՀ վարչապետի տեսլականից տարբերվող ուղու պաշտպանության գինը․ գրում է «Московский Комсомолец»-ը:

Ինքը՝ Փաշինյանը, դեռևս քրեական գործի հարուցումից առաջ հայտարարություն էր տարածել. «Մենք պետք է քաղաքական և հասարակական կյանքից հեռացնենք նրանց, ովքեր դեմ են ՀՀ ինքնիշխանությանը»։ Ըստ երևույթին՝  սա հղում էր Ղուկասյանի վերջին ելույթին, որում նա բացահայտորեն հայտարարել է, որ Փաշինյանի կառավարությունը փորձում է երկիրը վերածել թուրքական վիլայեթի, և իր պետականությունը պահպանելու համար Հայաստանը պետք է ավելի սերտ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ։ Սա ընկալվել է որպես «ինքնիշխանության վրա հարձակում»։ Ավելին, վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու միջև բուռն վեճում Ղուկասյանը, կառավարության փոխարեն, բռնել է Եկեղեցու կողմը։ Հուլիսին՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունից հետո, Գյումրու քաղաքապետը հայտարարել է, որ չի աջակցում քահանայի դեմ առաջադրված մեղադրանքներին: «Ես դեմ եմ կառավարության կողմից հոգևորականության և Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին», – նշել էր նա։

Աղբյուրը հիշեցնում է,  որ Գյումրու քաղաքապետն առաջին հայ գործիչը չէ, ով տուժել է Հայ եկեղեցուն աջակցելու համար: Նախկինում գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հորինված պատրվակով, քանի որ խոսել էր հայոց պատմության մեջ Հայ առաքելական եկեղեցու արժեքի մասին:

Այս բոլոր հարձակումները՝ քահանաների, գործարարների և քաղաքական գործիչների դեմ, որոնք համարձակվում են արտահայտել իրենց կարծիքը Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ, վկայում են այն մասին, որ ներկայիս վարչապետ Փաշինյանը փորձում է «մաքրել» քաղաքական դաշտը հաջորդ տարվա ընտրություններից առաջ:

«Московский Комсомолец»-ն ընդգծել է, որ Գյումրու քաղաքապետին ձերբակալելու համար երկրի իշխանությունները ստիպված էին ուղարկել կարմիրբերետավորներին և պաշարել քաղաքը։ Բայց եթե Ղուկասյանն ինքը չլքեր վարչական շենքը, անհասկանալի է, թե ինչպես կզարգանային իրադարձությունները։ Հետևաբար, ներկայիս կառավարության յուրաքանչյուր նման «անպարկեշտ գործողության» դեպքում՝ առաջիկա ընտրությունները դառնում են ոչ թե ավելի անվտանգ, այլ ավելի անկանխատեսելի։ Վերջին հաշվով՝ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին, որը մի ժամանակ «Թավշյա հեղափոխության» առաջնորդին բարձրացրել է վարչապետի աթոռին։ Եվ հիմա նույն ժողովուրդը կարող է վայր գցել նրան այնտեղից։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026