10 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարված իրավիճակ Թալինի եկեղեցում․ համայնքապետարանն, առանց Մայր Աթոռի թույլտվության, աշխատանքներ է իրականացնում

Լարված իրավիճակ Թալինի եկեղեցում․ համայնքապետարանն, առանց Մայր Աթոռի թույլտվության, աշխատանքներ է իրականացնում

Լարված է իրավիճակը Թալինի Սուրբ Աստվածամայր եկեղեցում։ Թալինի համայնքապետարանն, առանց ԹԵՄ-ի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է նորոգման աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում։

«Եկեղեցու տարածքը ցանկապատ ուներ, որը վնասված էր ու, քանի որ, կիրակի այնտեղ պիտի պատարագ լինի, համայնքապետարանը որոշել է առանց ԹԵՄ-ի վարչական խորհրդին տեղյակ պահելու, առանց օրհնություն ստանալու նորոգել ցանկապատը։ Իրենք միանգամից աշխատանքներ են սկսել։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է Արագածոտնի ԹԵՄ-ի վարչական խորհրդի անդամ Տեր Մուշե քահանա Վահանյանը։ 

Համայնքապետարանի ներկայացուցիչները մոտեցել են եկեղեցու քահանաներից Տեր Հայկ քահանա Քոչարյանին, տեղեկացրել են, որ ցանկանում են նորոգել։ Քահանան նրանց ներկայացրել է կարգը, սակայն համայնքապետարանի աշխատակիցները չեն հետևել կարգին։

«Մենք նրանց ասացինք, որ համապատասխան ճանապարհով դա միայն կարող է լինել, այսինքն՝ նամակ ներկայացնել ԹԵՄ-ի վարչական խորհուրդ, խորհուրդն էլ այն կներկայացներ Մայր Աթոռին, Մայր Աթոռից օրհնությունը կլինի, նոր կարող են այդ աշխատանքները կատարել, բայց բնականաբար այդ ճանապարհով չգնացին ու քանդման աշխատանքները տարան։ Քանդել են, ինչ-որ աշխատանքներ են անում, չգիտենք էլ նորը կկառուցվի՞, թե՞ ոչ»,-ասել է Տեր Մուշեն։

Քահանան վստահեցնում է՝ մինչև պատարագի մասին հայտարարությունն այս ցանկապատի մասին համայնքապետարանում տեղյակ են եղել, բայց տարիներ շարունակ այն նորոգվել է բացառապես հոգևորականների անձնական միջոցներով։

Այս կիրակի պատարագ պիտի մատուցի Տեր Հայկ քահանա Քոչարյանը, իսկ Տեր Թադե քահանա Թախմազյանը, ով միացել է կարգալույծ Ստեփան Ասատրյանին, չի շփվում եկեղեցու մնացած հոգևորականների հետ։

«Տեր Թադեն ընդհանրապես կապերը խզել է մեզ հետ։ Տեր Հայկն է եղել այնտեղ, երբ մոտեցել են ցանկապատի հարցով։ Վերջինս զգուշացրել է, որ չեն կարող գործել, մինչև տեղյակ լինի ԹԵՄ-ը»,-նշել է Տեր Մուշեն։

Հիշեցնենք, որ կիրակի Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած պատարագին մասնակցելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն այս կիրակի կմասնակցի Թալինի Սուրբ Աստվածամայր եկեղեցում մատուցվող պատարագին, որն, ըստ Փաշինյանի, մատուցելու է Տեր Թադեն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026