30 Ապր
2026
21° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը․այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։

Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026