
Ի՞նչ նշանակություն ունի Հարավային Կովկասը ՌԴ-ի համար, «Մեղրիի» և «Թրամփի» երթուղիների տարբերությունը, «3+3» ձևաչափի նպատակները․ մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ն
Ռուսաստանը կովկասյան տերություն է և սերտորեն կապված է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ, ուստի՝ Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի նրա համար․ ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Մեր շահերը բխում են այն փաստից, որ Ռուսաստանը ոչ միայն հարևան է, այլև ինքն է կովկասյան տերություն։ Մենք ամենամոտ պատմական և մշակութային կապերն ունենք տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։ Մենք դաշնակցային հարաբերություններ ենք հաստատել հինգ հանրապետություններից չորսի հետ։ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի համար Ռուսաստանը հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Մեզ համար կարևոր տրանսպորտային ուղիներն անցնում են տարածաշրջանով։
Հյուսիսային Կովկասում իրավիճակը մեծապես կախված է նրանից, թե ինչպես են գործընթացները զարգանալու լեռնաշղթայի մյուս կողմում։ Ամփոփելով՝ Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի մեզ համար», – ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հիմնարար շահագրգռվածություն ունի «տարածաշրջանի զարգացման, դրա տնտեսական ներուժի բացահայտման և այնտեղ «կայունության և խաղաղության գոտու» ստեղծման հարցում։ «Այն, ինչ նպաստում է տարածաշրջանի բարգավաճմանը, նպաստում է նաև Ռուսաստանի բարեկեցությանը։ Սա մեր գործողությունների պարզ տրամաբանությունն է։ Հետևելով այս տրամաբանությանը՝ մենք հետևողականորեն դեմ ենք տարածաշրջանում զինված հակամարտություններին, աջակցում ենք շրջափակումների վերացմանը և եռանդուն աշխատում ենք տարածաշրջանային կապի ընդհանուր ճարտարապետություն կառուցելու ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա օգտվել իր աշխարհագրական դիրքից։ Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տնտեսությունն ազատ շնչի։ Սա մեզ համար օգտակար է», – ընդգծել է Կալուգինը։
«Հենց այդ պատճառով էլ՝ 2020 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձնական ջանքեր գործադրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև արյունահեղությունը դադարեցնելու համար։ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հիմքերը նույնպես դրվել են այդ ժամանակ։ Գործընթացն արդեն անցել է մի քանի փուլ, բայց այն շարունակում է համապատասխանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված համաձայնությունների հիման վրա մշակված ճանապարհային քարտեզին», – հայտարարել է դիվանագետը։
Անդրադառնալով «Թրամփի երթուղուն»՝ նա նշել է, որ նախագծի մեկնարկի հեռանկարները մռայլ են ԱՄՆ-Իրան հակամարտության լույսի ներքո։
«Բացի Իրանի կողմից իր հյուսիսային սահմաններում ԱՄՆ ներկայության բացասական ընկալումից՝ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տանող ճանապարհի նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը, որի մաս է կազմում «Թրամփի երթուղին», կարող է նաև անվստահություն առաջացնել ասիական գործընկերների շրջանում։ Եվ առանց չինական և ռուսական բեռների՝ չափազանց դժվար կլինի ներդրումները հետ բերել նախագիծ», – նշել է նա։
Կալուգինի խոսքով՝ այս հարցում կան նաև որոշ օբյեկտիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն։ «Սա ներառում է ռուս սահմանապահների ներկայությունը հայ-իրանական սահմանին, ռուսական չափանիշներին համապատասխան երկաթուղային գիծ կառուցելու անհրաժեշտությունը՝ ադրբեջանականի հետ անխափան կապի համար, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիան՝ մինչև 2038 թվականը, և Հայաստանի ընդգրկումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական մաքսային տարածքում», – շարունակել է դիվանագետը։
«Այս նախագծի ի հայտ գալուն նախորդել է երկու տարվա քրտնաջան աշխատանքը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով, այն է՝ եռակողմ աշխատանքային խմբում, որը համանախագահում էին փոխվարչապետերը։ Մինչև 2023 թվականը մենք մոտ էինք, այսպես կոչված, Մեղրիի երթուղու գործարկմանը, որը պետք է ոչ միայն ապահովեր Հարավային Հայաստանից դեպի Նախիջևան տարանցումը, այլև, ըստ էության, կապեր հայկական և ադրբեջանական երկաթուղիները», – հավելել է նա։ «Հենց սա է այն, ինչին Հայաստանն այժմ այդքան ջանում հասնել՝ հենվելով «Թրամփի երթուղու» վրա։ Սակայն խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունն, ի տարբերություն «Մեղրիի երթուղու», ավտոմատ կերպով չի նախատեսում Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք կապը։ Մեր մեղքը չէ, որ Երևանը միտումնավոր սառեցրել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը 2023 թվականին», – հավելել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պարզաբանել է Հայաստանին Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ իր բոլոր մտահոգությունները։
«Այս հարցը մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների ժամանակ։ Պարզաբանվել են հայկական կողմի բոլոր մտահոգությունները, և համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների եղանակի վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան «գրանցել է Փաշինյանի հայտարարությունը, որ հանրապետությունը մտադիր չէ քննարկել կոնցեսիայի հետ կապված հարցերը «Ռուսաստանի մեջքի ետևում»։
«Մենք չենք կարող համաձայնվել այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից Հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ դա է ստեղծում դրանք», – նշել է Կալուգինը: Նրա կարծիքով՝ «եթե ռուսական կողմը չլիներ երկաթուղային ցանցի ֆունկցիոնալությունը վերականգնելու և պահպանելու կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում կատարած քրտնաջան աշխատանքը, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային մայրուղիների «վերագործարկմանը» Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին»։
Կալուգինը նաև հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով շփումների շարունակմամբ և հույս ունի, որ հարթակի լիարժեք գործունեությունը հնարավորինս շուտ կվերսկսվի։
Նա նշել է, որ «3+3» ձևաչափը, որը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ծառայում է որպես «կարևոր գործիք Հարավային Կովկասի պետությունների և նրանց անմիջական հարևանների միջև «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի հիման վրա համագործակցություն հաստատելու համար»։ Կալուգինը նաև նշել է, որ, մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնցից մեկը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն է, «որոշակի դադար» է եղել «3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպման կազմակերպման հարցում։
Դիվանագետը պարզաբանել է, որ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքը կայանում է «փոխադարձաբար օգտակար և խոստումնալից նախագծերի համակարգման մեջ, որոնք համապատասխանում են բոլոր տարածաշրջանային խաղացողների շահերին. որոշումները կայացվում են առանց արտաքին ճնշման, առանց արտաքին ուժերի կողմից պարտադրված «օրակարգի»։


