07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ պետք է հասարակ քաղաքացին մտածի անվտանգության մասին, ինչի՞ համար է ինքն ընտրել կառավարություն. Ռոբերտ Քոչարյան

Ինչո՞ւ պետք է հասարակ քաղաքացին մտածի անվտանգության մասին, ինչի՞ համար է ինքն ընտրել կառավարություն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գալով ընտրատեղամաս, լրագրողներին ասաց, որ քվեարկել է հանուն ազգային ինքնության, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի:

ABC Media-ի հարցին, թե քաղաքացիները Քոչարյանին բավականաչափ քվե տալու դեպքում ինչո՞ւ պիտի հավատան, որ վաղվա Հայաստանն ավելի անվտանգ է լինելու, քան այսօրվանը, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չպիտի հավատան… Իմ ժամանակվա փորձը դառը չէ, քաղցր է, 10 տարի անվտանգ երկիր է եղել, և քաղաքացին անվտանգության մասին չի մտածել, մտածել է երկրի առաջնորդը, կառավարությունը. տարբերությունը, կարծում եմ, էական է, իսկ հիմա ամբողջ երկրում քննարկում են անվտանգային հարցեր: Ինչո՞ւ պետք է հասարակ քաղաքացին մտածի անվտանգության մասին, ինչի՞ համար է ինքն ընտրել կառավարություն, ընտրել խորհրդարան… որ նրանք մտածեն»:

Քոչարյանն իր շանսերը բարձր է գնահատում. «Եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ չենք նահանջել, և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»:

Ռուս լրագրողի հարցին, թե ի՞նչ է սպասում այս ընտրություններից, Քոչարյանը կարճ պատասխանեց՝ փոփոխություն, իսկ թե ինչպիսի՝ լավ։

«Ուղղակի պետք է կանգնեցնել այս կորուստների, պարտությունների, ինքնիշխանության զիջման և շատ այլ երևույթների շարքը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով․ «Պետք են լուրջ փոփոխություններ»:

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրություններին, Քոչարյանն ասաց, որ տպավորությունն այնպիսին է, թե այս երկրում բոլորը գաղտնալսվում են, և ովքեր հաշտ են այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժերի համար, որոնք ստեղծել են այս մթնոլորտը։

«Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում. ուղղակի խայտառակություն է»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ արդյոք պատրա՞ստ են իրենց ձայները տալ ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր քաղաքական ուժին, Քոչարյանը պատասխանեց. «Ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու. սա ինձ համար նաև Սահմանդրությունից բխող հանգամանք է»:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026