
Հայաստանը ԵԱՏՄ-ի վերաբերյալ խնդիրներ չի տեսնում․ փոխարտգործնախարար
Սահմանազատման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ հանրությունը պաշտոնապես իրազեկվել է, և նոր զարգացումների դեպքում հանրությունը կտեղեկացվի․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշել է, որ առաջիկա ամիսների ընթացքում սահմանային նոր հատվածների կամ սահմանազատման նոր փուլի վերաբերյալ հստակ որոշումներ դեռ չկան։
Ռուսաստանի հետ հարաբերություններին անդրադառնալով՝ նա նշել է, որ ռուսական կողմի հետ TRIPP նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվում։ Միաժամանակ նա հավելել է, որ եթե լինեն նոր զարգացումներ, դրանք կհրապարակվեն պաշտոնապես։
ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանը այս պահին կազմակերպության հետ կապված խնդիրներ չի տեսնում և ընդունում է ի գիտություն վերջին հայտարարությունները։ Նրա խոսքով՝ հետագա քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում։
Սաֆարյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է երկխոսության և գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացմանը։


