
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին
Բաքվում ընթացող դատական գործընթացի շրջանակում գեներալ Դավիթ Մանուկյանը, ուղերձ է հղել՝ անդրադառնալով իրենց առաջադրված մեղադրանքներին։
Մանուկյանը նշել է, որ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվող գործընթացն, իր գնահատմամբ, ուղղված է ոչ միայն 15 անձանց, այլև «հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ»։
«Ըստ մեղադրանքի և դատավճռի՝ այն սկսվում է անցյալ դարի սկզբներից»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ինքը և իր գործընկերները շարունակում են պայքարը դատարանում՝ թույլ չտալու «նվաստացնել իրենց իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի և հայոց պետականության արժանապատվությունը»։
Մանուկյանն իր խոսքն ուղղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իրենց առաջադրված մեղադրանքներից մեկը վերաբերում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.1 և 100.2 հոդվածներին, որոնցով խոսվում է 2020 թվականի սեպտեմբերին «ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և վարման» մասին։
Նա նշել է, որ չնայած իրենց ներկայացրած «անհերքելի ապացույցներին և փաստերին», ինչպես նաև այն հանգամանքին, որ պատերազմը տեղի է ունեցել միջազգային հանրության ուշադրության ներքո, մեղադրանքները շարունակում են մնալ ուժի մեջ։
«Քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության վարչապետը և միաժամանակ երրորդ հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսվում է հենց այդ օղակից, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով ներկայացնել ձեր դիրքորոշումը»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում չարձագանքելը կարող է ընկալվել որպես համաձայնություն այդ մեղադրանքների հետ՝ «դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»։
Դավիթ Մանուկյանը նաև հետաքրքրվել է Ադրբեջանում պահվող անձանց կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշմամբ՝ նշելով, որ Բաքվում գտնվող հայերը չեն զգում Հայաստանի Հանրապետության աջակցությունը։
«Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ի՞նչ արած, իրականությունը սա է»,- ասել է նա։


