
«Մահացած բիզնեսներ վերակենդանացնողը»․ Նարեկ Նալբանդյանի բիզնես կայսրությունը
Հայաստանի ցեմենտի շուկայում ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել։ «Արարատցեմենտ»-ի նկատմամբ պետության կողմից կառավարման լիազորություններ ստանձնելու ֆոնին՝ ցեմենտի մյուս խոշոր գործարանը՝ տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ»-ը, նոր սեփականատեր ունի։ Այն ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը։
Գործարքը սեպտեմբերի 2-ին է կայացել՝ «ԱՄԻՕ» բանկի կազմակերպած աճուրդում։ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և վաճառքի հանված 44 գույքը գնահատվել է մոտ 15 միլիարդ 228 միլիոն դրամ, բայց Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստը» վճարել է գնահատված արժեքից մոտ 4 միլիարդ դրամ պակաս՝ 11 միլիարդ 101 միլիոն դրամ։
Նարեկ Նալբանդյանի բիզնես ակտիվությունը սկսել է աճել հատկապես 2018-ի իշխանափոխությունից հետո։ Բայց նրա պատմությունը 2018-ից չի սկսվում։ Իր խոսքով՝ առաջին բիզնեսները նա հիմնել է դեռ 2013-ին՝ զբաղվել է շինանյութի առևտրով, հացահատիկի ներկրմամբ, շինարարությամբ։
Նալբանդյանը «Հետք»-ին տված հարցազրույցում պնդում է, որ մինչև 2018 թվականն արդեն ուներ Մասիսի և Տափերականի ալրաղացները, ինչպես նաև Եղվարդում ՄԱՆ բեռնատարների սպասարկման կենտրոնը։
Այսօր Նալբանդյանի բիզնեսների շարքին ավելացել են «88» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը, «Նալբանդյան» օղու գործարանը, Եղվարդի համակցված կերերի գործարանը, «Շիրակի» թռչնաբուծարանը, ջրերի գործարանը, Մեղրաձորի ոսկու հանքը, Նոր Հաճնի ադամանդի գործարանը, ինչպես նաև Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելիս» (այժմ՝ «Eighty Eight Deluxe Hotel & Spa») և Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրները։
Եվ այս շարքում առանձնանում է երկու տեսակի ձեռքբերում՝ սովորական բիզնես ակտիվներ և նախկին պաշտոնյաների հետ կապված կամ քրեական վարույթների շրջանակում հայտնված գույքեր։ Առաջինը՝ «Գոլդեն Փելիսն» էր։ Հյուրանոցը 2019-ին պետությանը նվիրաբերել էր նախկին մաքսային ծառայության ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը։ Այդ ժամանակ Ավետիսյանի նկատմամբ քննվում էր փողերի լվացման և պաշտոնեական դիրքն օգտագործելով բիզնեսում ներգրավվելու վերաբերյալ քրեական գործ։ Ավելի քան 7.5 միլիարդ դրամ գնահատված հյուրանոցը պետությունը վաճառքի հանեց։ Քանի որ մի քանի աճուրդներում հյուրանոցը չվաճառվեց, գինը նվազեց, իսկ 2022-ին վաճառքի եղանակը փոխվեց՝ աճուրդի փոխարեն մրցույթ։ Մրցույթի միակ մասնակիցը Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստն» էր։ Գույքը վաճառվեց 5 միլիարդ դրամով՝ պարտավորվելով գումարը մարել 5 տարվա ընթացքում՝ տարաժամկետ վճարման պայմանով։
Նալբանդյանի մյուս ամենաքննարկված ձեռքբերումը Հովիկ Աբրահամյանի ընտանիքի առանձնատունն է։ 2022-ին Մոնումենտի այդ առանձնատունը, որը պատկանում էր Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, գնեց Նալբանդյանի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը՝ 2.5 միլիարդ դրամով։ Նալբանդյանն այս գործարքը բացատրել է Արգամ Աբրահամյանի հետ իր վաղեմի ընկերությամբ․ 2004-ից միասին Իրավագիտության ֆակուլտետում են սովորել, թեև տարբեր կուրսերում։ Նալբանդյանը 2025-ի մայիսին պատմել է՝ նույն տարածքում է ապրում Հովիկ և Արգամ Աբրահամյանների հետ, ջերմ հարաբերություններ ունեն։
Գույքը, սակայն, ձեռք է բերվել կասկածելի պայմաններում։ Խնդիրն այն էր, որ այդ պահին առանձնատունն արդեն քրեական վարույթի շրջանակում էր՝ ապօրինի ծագման գործով։ 2022-ի մարտի 30-ին այն ճանաչվել էր իրեղեն ապացույց և հանձնվել էր Լիլիթ Պետրոսյանի պատասխանատու պահպանությանը՝ պայմանով, որ մինչև գործի ավարտն այն չօտարվի։ Կարճ ժամանակ անց արգելանքը հանվել էր, տունը վաճառվել էր Նալբանդյանի կնոջը։
Նարեկ Նալբանդյանի կասկածելի ձեռքբերումներն այսքանով չեն ավարտվում․ 2025-ին «88» սուպերմարկետների ցանցի շուրջ հատկապես մեծ աղմուկ բարձրացավ, երբ նրա անունը կապվեց Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Կապն Աննա Հակոբյանը հերքեց․ նրա պնդմամբ՝ «88»-ից անգամ առևտուր չէր արել։
«Ես չգիտեմ՝ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ պատրաստվում երբևէ օգտվել «88» կոչված խանութներից։ Ես արդեն շուրջ 20 տարի մեր ընտանիքին անհրաժեշտ գնումները կատարում եմ Երևանի երկու տարբեր սուպերմարկետների ցանցից և առաջիկայում էլ կշարունակեմ նույնը։ Բանջարեղեն գնում ենք քաղաքի տարբեր փողոցներում տեղավորված միրգ-բանջարեղենի փոքրիկ, գեղեցիկ կետերից։ Ասածս ինչ է՝ ես ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող դրանք ինձ խորթ են», – ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետի կինը։
Աննա Հակոբյանը «88»-ի հետ կապը հերքելուց հետո դիմել էր Դատախազություն։ Ինքը՝ Նալբանդյանը, նույնպես հերքել էր վարչապետի ընտանիքի հետ կապը։ Ավելին՝ նշել, որ Նիկոլ Փաշինյանի հետ ընդամենը երկու անգամ է հանդիպել՝ առաջինը՝ Եղվարդի համակցված կերերի գործարանի, երկրորդը՝ «Գոլդեն Փելիս Ծաղկաձորի» բացման ժամանակ։
Նարեկ Նալբանդյանի շուրջ ծավալվող թեման այժմ նոր փուլ է մտել։ Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Նալբանդյանն իրեն և իր ընտանիքին «նյարդայնացնում է»։ Հավելել՝ եթե իրավապահները պարզեն, որ գործարարը փորձում է տպավորություն ստեղծել իր ընտանիքի հետ կապ ունենալու մասին, նա «ավելի դաժան ճակատագրի կարժանանա, քան մյուս օլիգարխները»։ Նույն օրը Գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։ Թե ինչ հոդվածով, դեռ չի հրապարակվել։
Եվ ահա՝ կասկածի տեղիք տվող բազմաթիվ գործարքներից ու արտոնություններից հետո, «Հրազդան ցեմենտ»-ի ձեռքբերումը հենց այս փուլում, երբ կասեցվել է Հայաստանի խոշորագույն ցեմենտի գործարանի աշխատանքը, հարցեր է առաջացնում։ Եթե «Հրազդան ցեմենտ»-ը վերագործարկվի լայնածավալ ներդրումներով, հաջորդ հարցը լինելու է՝ սա պարզապես հերթական վերակենդանացած բիզնե՞սն է, թե՞ Հայաստանի ցեմենտի շուկայում «Արարատցեմենտ»-ին փոխարինող նոր խոշոր խաղացողի ձևավորման սկիզբը։


