20 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի՝ դեպի Արևմուտք գնալու փորձն ամբողջությամբ ձախողվել է,  հրաժարվեցին  մեզ անվտանգային երաշխիքներ տալ․ Արմեն Մանվելյան

ՀՀ-ի՝ դեպի Արևմուտք գնալու փորձն ամբողջությամբ ձախողվել է,  հրաժարվեցին  մեզ անվտանգային երաշխիքներ տալ․ Արմեն Մանվելյան

ՀՀ-Արևմուտք հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար, սակայն այսօրվա հանդիպումն ու արդյունքները ցույց տվեցին, որ գործող ռեժիմը ձախողել է աշխատանքը նաև այդ ուղղությամբ․ մեկնաբանելով այսօր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Այն գումարը, որ տրամադրվեց ՀՀ-ին, այն հայտարարությունները, որոնք եղան «Խաղաղության խաչմերուկի» մասին, ավելի շատ ծաղրանք են հիշեցնում։ Բայց դրա համար չպետք է մեղադրել ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին, դա գործող իշխանության ձախողումն է ամբողջությամբ»,-ABC media-ի հետ զրույցում ասաց Մանվելյանը։

Նա նշեց, որ այս ամենն աշխարհաքաղաքական վիճակը չհասկանալու և ճիշտ քայլեր անել չկարողանալու հետևանք է։ Այսօրվա հանդիպումը, ներկայացված գումարի չափն ու այն, որ Արևմուտքը փաստացի հրաժարվում է մեզ օգնել անվտանգային հարցերում, ցույց են տալիս, որ իշխանությունները ձախողվել են նաև քաղաքական կուրսի փոփոխության հարցում՝ զուգահեռ փչացնելով հարաբերությունները թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանի հետ։

«Այս պահին ՀՀ-ն հայտնվել է անվտանգային վակուումի մեջ  և անվտանգության հարցերով ոչ մեկի հետ երկարատև հարաբերություններ չունենք»,-ասաց անվտանգության հարցերով մասնագետը։

Նա նշեց, որ անվտանգային առումով այս հանդիպումից սպասելիքներ կային մերձիշխանական շրջանակների կողմից, հետո խոսվեց տնտեսական հարցերի կողմից, բայց անգամ տնտեսական առումով դա լուրջ համարել չի կարելի։

Մասնագետի խոսքով՝ իշխող քաղաքական ուժի կողմից անվտանգային կուրսի արագ փոփոխությունը՝ ՌԴ-ից դեպի Արևմուտք, որոշակի խնդիրներ է ստեղծում ՀՀ-ի համար։ «Խնդիր է ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվությամբ և Թուրքիայի դոմինանտությամբ է պայմանավորված, այլև պայմանավորված  է նրանով, որ այս արագ փոփոխությունը հանգեցնում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատումը Ուկրաինայից ՀՀ տեղափոխելուն։ «Հայաստանը վերածում է մարտադաշտի՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այս վտանգը կա, բայց կար սպասում, որ կողմերը՝ տվյալ դեպքում ԵՄ-ն և Միացյալ Նահանգները որոշակի երաշխիքներ կտան ՀՀ-ին՝ հատկապես Ադրբեջանից եկող ագրեսիան զսպելու համար, որը, սակայն, չստացվեց, հրաժարվեցին ինչ-որ կերպ մտնելու այս խնդրի մեջ՝ բավարարվելով ՀՀ տնտեսական օգնություն տալով»-ասաց Մանվելյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի փորձը՝ դեպի Արևմուտք գնալու, ամբողջությամբ ձախողված կարելի է համարել, նույնը կարելի է ասել նաև տնտեսական քաղաքականության առումով՝ պայմանավորված այն գումարների չափով, որոնք տրամադրվելու են ՀՀ-ին։

«Հավանաբար գործող քաղաքական ռեժիմը հույս ուներ, որ ՀՀ-ն անվտանգային որոշակի երաշխիքներ կստանա, բայց Արևմուտքն այս անգամ էլ հիասթափեցրեց և ցույց տվեց իր դեմքը»,-ասաց Մանվելյանը։