ABCMEDIA
«Հարցրե՛ք մեր 96-ամյա տատիկին՝ աշխարհի որ կենտրոնից է ֆինանսավորվում»․ Աբրահամ Գասպարյանն անդրադարձել է «իշխանական ագիտպրոպին» 

«Հարցրե՛ք մեր 96-ամյա տատիկին՝ աշխարհի որ կենտրոնից է ֆինանսավորվում»․ Աբրահամ Գասպարյանն անդրադարձել է «իշխանական ագիտպրոպին» 

«Իշխանական ագիտպրոպը տանում է հստակ ուղղորդված քաղաքականություն՝ ընդդեմ Կիրանցի շարժման։ Պարզից էլ պարզ է, որ իշխանությունը փորձում է արժեզրկել այս պայքարը, և այդ գործընթացում ամենախոցելի նարատիվը, որ ձևավորում է, այս շարժմանն աշխարհաքաղաքական բնույթ տալն է»․ Տավուշի պայքարին միացած հանրային գործիչ, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի՝ Կիրանցում հիմնած մեդիա կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով իշխանական օղակների վերջին օրերի վարքագծին։

Ըստ նրա՝ իրավապահ համակարգը փորձում է քաղաքացիների և պետության միջև խափանարար դեր տանել, սակայն պայքարին միացած անձինք չեն տրվում սադրանքների։

«Անցած մի քանի օրերին իրավապահ համակարգը փորձել է ցուցադրական ուժ կիրառել, վախի մթնոլորտ սերմանել, սակայն սրբազանի ու մեր գաղափարակից ընկերների միջոցով հնարավոր է դարձել հանդարտեցնել կրքերը և չտրվել սադրանքների»,-նշել է Գասպարյանը։

Քաղաքական գիտությունների թեկնածու, Genesis Armenia-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն անդրադարձել է նաև իշխանական օղակների տարածած թեզին, թե Կիրանցում հավաքվածներն ուղղորդված են։

«Եկե՛ք հիմա միասին գնանք Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու հարցնենք՝ աշխարհաքաղաքական որ կենտրոնից են  ֆինանսավորվում մարդիկ։ Հարցրե՛ք մեր 96-ամյա տատիկին՝ աշխարհի որ կենտրոնից է ֆինանսավորվում։ Այն նույն տատիկին, որն իր ձեռնափայտով եկել ու պայքար է մղում  իր հայրենի հողի պաշտպանության համար»,-ասել է նա։

Գասպարյանի խոսքով՝ «պատերազմը տեղափոխվել է ինտերնետ հարթություն, և այդտեղ մեր աչալուրջ գործընկերների՝ պետական, սթափ, ազգային մտածողություն ունեցող մեդիայի առաքելությունն է ոչ թե իշխանական պրոպագանդայի ստի ու կեղծիքի հայելին դառնալ, այլ պարզապես գալ այստեղ, տեսնել ու ներկայացնել իրավիճակը այնպես, ինչպես կա»։