27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջին անգամն է, որ հոգևորը ոտքի է ելել ու փորձում է փրկել երկիրը. Արման Նուռ

Առաջին անգամն է, որ հոգևորը ոտքի է ելել ու փորձում է փրկել երկիրը. Արման Նուռ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն է միացել նաև քանդակագործ, դիզայներ, նկարիչ Արման Նուռը։

«Այս շարժումը գոյաբանական է, սա մեր ազգի փրկության շարժումն է, քանի որ մենք կործանման եզրին ենք կանգնած։ Ես, երբևէ իմ կյանքում ոչ մի երթի չեմ մասնակցել, ոչ մի ցույցի չեմ մասնակցել։ Սա միակ շարժումն է, որին ես վստահ եմ, հասկանում եմ, որ սա մեր միակ փրկությունն է, միակ ճյուղն է, որից այս պահին կարող ենք բռնվել, քանի որ մենք խեղդվում ենք, բայց չենք հասկանում։ Մեզ կործանում են՝ մենք դա չենք հասկանում, ինչպես 1915 թվականին, երբ մեզ կոտորում էին»,- ABC mediaի հետ զրույցում հայտարարել է Արման Նուռը։

Արվեստագետը միավորվելու, համախմբվելու կոչ է արել։

«Մենք պետք է լինենք ազգ, ոչ թե ժողովուրդ։ Երբեք չհամարձակվեք հայ ազգին կոչել ժողովուրդ, որովհետև ժողովուրդն անսկզբունք, անհիմք հասկացողություն է, մենք ազգ ենք։ Մնացած բոլոր ժողովուրդներից մենք դրանով ենք տարբերվում։ Մենք ազգ ենք, և աշխարհում շատ քիչ ազգեր կան»,-նշել է Արման Նուռը։

Արվեստագետի խոսքով՝ ինքը հույսը կորցրել է, որովհետև ազգն իներտ է դարձել, հոգնել:

«Մեզ չի միավորել հոգևորը, մենք չենք ունեցել հոգևոր շարժում, սա առաջին անգամ է, երբ հոգևորը ոտքի է ելել ու փորձում է փրկել երկիրը։ Մենք միշտ պայքարել ենք ի դժգոհություն, ոչ թե ի վեհ գաղափարի։ Ի դժգոհությունն է միավորվել մեր ժողովրդին, իսկ ազգին պետք է միավորի նպատակը, ազգային գաղափարախոսությունը: Դրա համար սա եզակի և ուրիշ շարժում է, դրա համար ես այստեղ եմ և այլ կերպ չէր կարող լինել»,-նշել է նա։

Շարժման վերջնակետը, արվետսագետի համար, հայի փրկությունն է։

«Ուզում եմ հայն ամրապնդվի ու դառնա միավոր, միաոգի։ Միգուցե ուտոպիկ բաներ եմ ասում, բայց չես կարող հավատալ իդեալներին, այլապես առ ոչինչ ես»,-եզրափակել է Արման Նուռը։