Առաջիկա գործողություններով պիտի հեռացնենք այս իշխանությանը․ Բագրատ Սրբազանը աջակցություն է հայտնել Կիրանցի ժողովրդին
Բագրատ Սրբազանը կոչով դիմել է Կիրանցի բնակիչներին ու բոլոր հայերին, նշելով, որ առաջիկա գործողություններով պիտի հեռացնեն այս իշխանությանը։
«Երեկ տեղի է ունեցել տխրահռչակ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նիստը, որից հետո արձանագրում ենք մեկ բան՝ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։ Դա են վկայում արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամուլի հաղորդագրությունները և կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված, այսպես կոչված, պարզաբանումները։
Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, ժողովրդի, կյանքի և մեր քաղաքացու, և, ընդհանրապես, մեր գոյության։ Իշխանության վրա որևէ ազդեցություն չունեցան այն լայն հիմնավորումները՝ իրավական, օրենսդրական դաշտում, որոնք տրվել են բազմաթիվ մասնագետների կողմից։ Եվս մեկ անգամ փաստում են, որ իրենք գործում են Սահմանադրության, օրենքի, իրավունքի, ինքնության, բարոյականության բոլոր տեսակի չափանիշներին հակառակ»,-իր խոսքում ասել է Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ մեր կյանքում անհրաժեշտություն է դարձել, ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ ուղղակիորեն վերացնել պատճառները, իսկ պատճառը մեկն է՝ Երևանում։
«Օր առաջ, ժամ առաջ բոլորիս ջանքերով ու նվիրումով, համառ կամքով հեռացնելու այս իշխանությանն իր ամբողջ ապօրինություններով հանդերձ։ Սա արյունաքամության ամբողջական շղթա է, որը պետք է կանգնեցնել։ Մենք մեր առաջիկա գործողություններով, որոնց մասին մանրամասնորեն, որոշակիորեն կոնկրետ կներկայացնենք ձեզ, պիտի ընթանանք այս ճանապարհով, որովհետև այլ ելք չկա, մեզ համար որպես հայրենատեր մարդիկ, որպես մեր ժողովրդի գալիքով անհանգիստ, որպես հայրենիքի տեր մարդիկ, չկա։ Պիտի գնանք այս դժվար ճանապարհով։ Կոնկրետ քայլերով պիտի հասնենք մեր ուզած արդյունքին, այդ արդյունքը որևէ մեկինը չէ, սա չակընկալիքների պայքար է, նյութական որևէ ակնկալիք չունենալու մասին է։ Այլընտրանք չկա մեզ համար սիրելի ժողովուրդ, այս պահին Կիրանցի մեր հերոսական ժողովուրդը, արդեն իսկ տնազուրկ դարձած, այսօր փողոցում են գտնվում։ Մեր զորակցությունն ենք հայտնում նրանց։ Բոլորիդ հրավիրում եմ, որ այս հանձնառությամբ ծրագրենք առաջիկա քայլերն ու այն իրականացնելու հանձնառությունն անենք։ Կամ այսօր, կամ երբեք, մենք պիտի ազատագրենք մեր հայրենիքը ստորացումից, նվաստացումից, այս ճանապարհով մենք կկանխենք հետագա բոլոր ստորությունները։ Մեր ճանապարհն օրհնված է, ու Աստված կառաջնորդի մեր կյանքը դեպի մեր բարենպաստ հանգրվանները»,-նշել է նա։